Ամերիկացի սենատորները դեմ են Ռիադին 650 միլիոն դոլարի զենքի վաճառքին
Մի խումբ ամերիկացի սենատորներ դեմ են Բայդենի վարչակազմի կողմից Սաուդյան Արաբիային զենքի առաջին խոշոր վաճառքին` Եմենի հակամարտությանը Ռիադի մասնակցության պատճառով, հայտնում է Reuters-ը:
Հանրապետականներ Ռենդ Փոլը եւ Մայք Լին, ինչպես նաեւ դեմոկրատ Բերնի Սանդերսը, համատեղ բանաձեւ են ներկայացրել՝ ԱՄՆ-ի կողմից Սաուդյան Արաբիայի Թագավորությանը 650 միլիոն դոլարի զենքի վաճառքն արգելափակելու մասին։
Թեեւ շատ ամերիկացի օրենսդիրներ Սաուդյան Արաբիային կարեւոր գործընկեր են համարում Մերձավոր Արեւելքում, նրանք քննադատում են երկիրը Եմենի պատերազմին դրա ներգրավվածության համար` հակամարտություն, որն աշխարհի ամենավատ հումանիտար աղետներից մեկն է համարվում: Նրանք հրաժարվել են հաստատել թագավորության համար բազմաթիվ ռազմական վաճառքներ՝ առանց երաշխիքների, որ ամերիկյան տեխնիկան չի օգտագործվի քաղաքացիական անձանց սպանության համար:
Փաթեթը, որը հաստատվել է Պետդեպարտամենտի կողմից, միջին հեռահարության 280 AIM-120C-7 / C-8 (AMRAAM) առաջադեմ հրթիռների, 596 LAU-128 հրթիռային արձակման կայանների, ինչպես նաեւ բեռնարկղերի եւ օժանդակ սարքավորումների, պահեստամասերի վաճառք եւ ինժեներական եւ տեխնիկական աջակցություն է ներառում ԱՄՆ կառավարության կողմից:
«Այս վաճառքը կարող է արագացնել սպառազինությունների մրցավազքը Մերձավոր Արեւելքում եւ վտանգել մեր ռազմական տեխնոլոգիաների անվտանգությունը։ Քանի որ Սաուդյան Արաբիայի կառավարությունը շարունակում է իր ավերիչ պատերազմը Եմենում եւ ճնշում է սեփական ժողովրդին, մենք չպետք է պարգեւատրենք նրանց ավելի շատ զենքի վաճառքով»,- ասվում է սենատորների համատեղ հայտարարության մեջ:
Բայդենի վարչակազմը հայտարարել է, որ կողմ է Պարսից ծոցի դաշնակցին միայն պաշտպանական զենք վաճառելու քաղաքականությանը: