Գերմանիայում մտադիր են պրոֆեսիոնալ մարզիկների համար պատվաստումը դարձնել պարտադիր
Գերմանիայում կորոնավիրուսի տարածման հերթական ալիքի հետ կապված մտադիր են պարտադիր դարձնել պրոֆեսիոնալ մարզիկների պատվաստումը, այլապես նրանց մուտքը ստադիոն կամ մարզապալատ կարգելվի։
«Իշխանության տարբեր ներակայացուցիչների հետ առաջին քննարկման ժամանակ ձեւավորվեց միասնական դիրքորոշում պարտադիր պատվաստման վերաբերյալ․ եթե երկրպագուները պարտավոր են ստադիոն մտնելու համար լինել պատվաստված, ապա այդ կանոնը պետք է պարտադիր լինի նաեւ մարզիկների համար։ Նախարարների դիրքորոշումն այդպիսին է։ Այժմ պետք է հասկանալ իրավական հիմնավորումը»,- Հյուսիսային Հռենոս-Վեստֆալիա դաշնային հողի վարչապետ Հենդրիկ Վյուստի խոսքը մեջբերում է Sport1.de-ն։
Գերմանիայի որոշ դաշնային հողերում հանրային վայրեր կարող են այցելել միայն պատվաստված կամ վերջին կես տարում կորոնավիրուսով հիվանդացած եւ առողջացած քաղաքացիները։ Դա վերաբերում է նաեւ մարզական միջոցառումներին։