ԱՄՆ-ն առաջին անգամ ցույց է տվել, թե ինչպիսի տեսք կունենա լուսնային մեքենան
Northrop Grumman օդատիեզերական ընկերությունը հայտարարել է մասնավոր լուսնային մեքենայի ստեղծման մասին։ Այս մասին տեղեկատվությունը տեղադրված է ընկերության կայքում։
Կորպորացիան այն կստեղծի Intuitive Machines եւ Lunar Outpost տիեզերական ընկերությունների հետ համատեղ: Ներգրավված են նաեւ ավտոմեքենաների մշակող AVL-ը, որը պատասխանատու է լինելու շարժիչի, ղեկի, մարտկոցների համար, եւ անվադողեր արտադրող Michelin ընկերությունը, որը նախկինում համագործակցել է NASA-ի հետ լուսնային տրանսպորտային միջոցներ ստեղծելու ժամանակ:
«Մեր գործընկերների հետ մենք NASA-ին կտրամադրենք ճկուն եւ հասանելի մեքենա, որը զգալիորեն կօգնի ուսումնասիրել լուսնի մակերեսը եւ ապահովել այնտեղ երկարաժամկետ ներկայություն»,-ասել է Սթիվ Քերինը՝ Northrop Grumman-ի փոխնախագահը: Բացի այդ, ընկերությունը մշակմանը ներգրավել է ամերիկացի տիեզերագնացներ Հարիսոն Շմիթին եւ Չարլզ Դյուկին։ Նրանք արդեն թռել են դեպի Լուսին Apollo ծրագրով։