ԱՄՆ-ում նոր պատվաստանյութ է մշակվել կորոնավիրուսի դեմ
Միացյալ Նահանգների գիտնականները կորոնավիրուսի դեմ նոր պատվաստանյութ են մշակել, որը հիմնված է SARS-CoV-2 S-սպիտակուցի ընկալիչների հետ կապող (RBD) դոմենի վրա, եւ մկների վրա կատարված փորձարկումների ընթացքում ընտրել են դրա համար ամենաարդյունավետ օժանդակ միջոցները՝ ալյումինի հիդրօքսիդը եւ CpG սպիտակուցը:
Science Translational Medicine ամսագրում հրապարակված նյութի համաձայն՝ mRNA պատվաստանյութերին նման նոր դեղամիջոցն արդյունավետություն է ցույց տվել եւ նախատեսված է հիմնականում տարեցների համար:
«RBD-ն SARS-CoV-2 պատվաստանյութերի հիմնական թիրախն է, բայց RBD-ն ինքնին թույլ իմունոգենություն ունի: Ահա թե ինչու (այլ պատվաստանյութերում) օգտագործվել լիարժեք S-սպիտակուցը, որն ավելի դժվար է արտադրել մեծ խմբաքանակներով»,- բացատրել է Հարվարդի բժշկական դպրոցի առաջատար հեղինակ Դեյվիդ Դաուլինգը:
Լավագույն ադյուվանտները՝ նյութեր, որոնք ուժեղացնում են պատվաստանյութերի ազդեցությունը, գտնելու համար գիտնականները երիտասարդ մկների վրա փորձարկել են դրանց տարբեր համակցությունները պատվաստանյութի հետ: Կրծողներին տրվել է երկու դեղաչափ եւ չափվել է նրանց հումորալ՝ հակամարմինների հետ կապված իմունային պատասխանը:
«Մենք պարզեցինք, որ RBD-ի համադրությունը երկու օժանդակ նյութերի՝ ալյումինի հիդրօքսիդի եի (պատկերի ճանաչման ընկալիչ) CpG-ի հետ հաջող էր: Այն համարժեք էր եւ որոշ դեպքերում գերազանցում էր գոյություն ունեցող mRNA պատվաստանյութերը»,- ասել է գիտնականներից մեկը՝ Էցուրո Նանիշին:
Ալյումինի հիդրօքսիդն ամենատարածված օժանդակ նյութն է աշխարհում եւ օգնում է պատվաստանյութի անտիգեններին ավելի երկար պահպանվել օրգանիզմում: Հայտնի է, որ CpG-ն խթանում է Toll-ի նման ընկալիչները բնածին իմունային համակարգում՝ դրանով իսկ ավելի ուժեղ իմունային պատասխան առաջացնելով:
Փորձարկումների ժամանակ խառնուրդն ակտիվացրել է տարեց մարդկանց լեյկոցիտների բնածին իմունային պատասխանը, որը նման է երիտասարդների իմունային պատասխանին: Խառնուրդը մկներին ներարկելուց հետո բոլոր տարիքային խմբերում չեզոքացնող հակամարմինների բարձր տիտր է արձանագրվել: Ադյուվանտ պատվաստանյութն ամբողջությամբ պաշտպանել է 14 ամսական մկներին SARS-CoV-2 վարակից։ Մշակողները շեշտում են, որ իրենց դեղամիջոցը, ի տարբերություն mRNA պատվաստանյութերի, սառը շղթայի կարիք չունի: