Հանձնաժողովի փոխնախագահին ընտրելու նոր սցենար են մտածել. «Ժողովուրդ»
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. Ազգային ժողովում այդպես էլ չի հանգուցալուծվում պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալի հարցը: Երեկ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Ղազինյանը ռեկորդ սահմանեց եւ արդեն տասներորդ անգամ չընտրվեց հանձնաժողովի փոխնախագահի պաշտոնում: Իշխանական խմբակցությունն այդպես էլ չի ցանկանում նրան ընտրել եւ նոր տարբերակներ է մտածում:
Այժմ էլ ՔՊ խմբակցության պատգամավոր Վիլեն Գաբրիելյանն է օրենսդրական նախաձեռնությամբ հանդես եկել եւ ցանկանում է փոփոխություն կատարել «ԱԺ կանոնակարգ» օրենքում: Նա առաջարկում է օրենքով ամրագրել՝ եթե մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալը չի ընտրվում, ապա իրավասու խմբակցությունը քվեարկությունից հետո՝ հինգ աշխատանքային օրվա ընթացքում, առաջադրում է նոր թեկնածու:
Հիմնավորման մեջ նա նկատում է, որ 8-րդ գումարման ՀՀ Ազգային ժողովի պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովը տեւական ժամանակ չի կարողանում ընտրել հանձնաժողովի նախագահի տեղակալ:
Միեւնույն ժամանակ մեկ այլ փոփոխություն էլ է առաջարկվում. օրենքում լրացումներ կատարելու արդյունքում կլրացվի նաեւ 138-րդ հոդվածի 12-րդ մասը, եւ եթե թեկնածու առաջադրելու իրավունք ունեցող խմբակցությունը հինգ աշխատանքային օրվա ընթացքում մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալի նոր թեկնածու չառաջադրի, ապա տվյալ պաշտոնում թեկնածու առաջադրելու իրավունքը կանցնի 4-րդ մասով սահմանված կարգով խմբակցությունների գործակիցների հաշվարկի սկզբում ամենամեծ գործակիցն ունեցող խմբակցությանը:
Այսինքն՝ եթե մեկ անգամ էլ ընդդիմադիր խմբակցության թեկնածուն չընտրվի, ապա այդ իրավասությունը կանցնի ՔՊ-ին»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: