Թուրքիան նոր հորատող նավ է ձեռք բերում՝ Միջերկրական եւ Սեւ ծովերում բնական գազ որոնելու համար
Թուրքիան նոր հորատող նավ է ձեռք բերում՝ Միջերկրական եւ Սեւ ծովերում բնական գազ որոնելու համար, հայտարարել է երկրի նախագահը՝ Անկարայի կողմից էներգիայի օֆշորային աղբյուրների հետախուզման պատճառով Հունաստանի եւ Կիպրոսի հետ լարվածության ֆոնին, հայտնում է AP-ն։
Նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն ասել է, որ Թուրքիան ավելացնում է իր հորատող նավերը՝ դրանք հասցնելով չորսի, իսկ նոր նավը բնութագրել է որպես բարձրտեխնոլոգիական:
Էներգետիկայի նախարար Ֆաթիհ Դոնմեզը Twitter-ում հայտնել է, որ նավը կկարողանա մոտ 3600 մետր խորությամբ հորատում կատարել։
Անցյալ տարի ծովային հանքավայրերի հետախուզման Թուրքիայի ջանքերը հանգեցրել են Հունաստանի եւ Կիպրոսի հետ լարվածության աճի: Հունաստանի եւ Թուրքիայի ռազմանավերը հետապնդել են միմյանց Էգեյան ծովում այն բանից հետո, երբ թուրքական հետախուզական եւ հորատման նավերը ածխաջրածիններ են փնտրել Հունաստանի եւ Կիպրոսի բացառիկ տնտեսական գոտիներ հանդիսացող ջրերում:
Թուրքիան հայտարարել է, որ Սեւ ծովում մոտ 540 միլիարդ խորանարդ մետր բնական գազ է հայտնաբերել։ Կառավարությունն ասում է, որ նախատեսում է մինչեւ 2023 թվականը գազ արտադրել եւ օգտագործել, ինչը կնվազեցնի իր կախվածությունը էներգիայի ներմուծումից։