«Ես դատապարտում եմ Ադրբեջանի ագրեսիվ գործողությունները Հայաստանի դեմ. կոչ եմ անում Պետդեպին օգնել ապաէսկալացնելու այս իրավիճակը՝ նախքան ավելի շատ կյանքեր կորցնելը». կոնգրեսական Ջիմ Կոստա
Միացյալ Նահանգների Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի անդամ Ջիմ Կոստան թվիթերյան գրառմամբ դատապարտել է Ադրբեջանի ագրեսիվ գործողությունները Հայաստանի դեմ:
«Ես դատապարտում եմ Ադրբեջանի ագրեսիվ գործողությունները Հայաստանի դեմ: Կոչ եմ անում Պետդեպարտամենտին օգնել ապաէսկալացնելու այս իրավիճակը՝ նախքան ավելի շատ կյանքեր կորցնելը: Ամերիկան պետք է դեմ լինի մարդու իրավունքների խախտումներին»,- գրել է նա:
Հիշեցնենք, որ նոյեմբերի 16-ին, ժամը 13։00-ի սահմաններում, Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները հարձակում են գործել սահմանի տվյալ ուղղությամբ տեղակայված հայկական դիրքերի վրա։ Հակառակորդը կիրառել է նաև հրետանային միջոցներ, զրահատեխնիկա և տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներ։
Հայկական կողմի պատասխան գործողությունների արդյունքում հակառակորդն ունի կենդանի ուժի մեծաթիվ կորուստ, մի քանի միավոր զինտեխնիկա ոչնչացվել կամ շարքից դուրս է բերվել։ Հայկական կողմը նույնպես կորուստներ ունի։
Ըստ ՀՀ ՊՆ-ի՝ նոյեմբերի 17-ի ժամը 10։00-ի դրությամբ իրադրությունը ՀՀ արևելյան սահմանագոտում, ուր տեղակայված հայկական դիրքերի վրա նախորդ օրը լայնածավալ հարձակում էին գործել Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները, հարաբերականորեն կայուն է, կրակի դադարեցման պայմանավորվածությունը հիմնականում պահպանվում է։
Նոյեմբերի 16-ի մարտական գործողությունների արդյունքում հակառակորդն ունի մինչև 70 զոհված և վիրավոր զինծառայող, ինչպես նաև զինտեխնիկայի զգալի կորուստներ, մասնավորապես՝ 4 БТР զրահափոխադրիչ, 1 Sandcat զրահամեքենա, 5 ավտոմոբիլային միջոց (Камаз, Урал, УАЗ)։
Հայկական կողմն ունի 1 զոհված և 13 գերեվարված զինծառայող։ Եվս 24 զինծառայողի հետ կապը կորել է մարտական գործողությունների ընթացքում և նրանց ճակատագիրն այս պահին անհայտ է։ Զինծառայողների հայտնաբերման ուղղությամբ ընթանում են ինտենսիվ աշխատանքներ։ Հակառակորդի վերահսկողության տակ է անցել երկու մարտական հենակետ։
Ռուսական կողմի միջնորդությամբ ընթանում են բանակցություններ՝ ստեղծված իրավիճակի հանգուցալուծման և գերեվարված հայ զինծառայողների վերադարձի շուրջ։
Նոր տեղեկությունների դեպքում պաշտպանության նախարարությունը հանդես կգա համապատասխան հաղորդագրությամբ։