ՀԱՊԿ-ում ուշադրությամբ հետևում են հայ-ադրբեջանական սահմանին տիրող իրավիճակին. Զախարովա
ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան իր ճեպազրույցի ժամանակ անդրադարձել է հայ-ադրբեջանական սահմանին իրավիճակի սրմանը: Նա նշել է, թե Երևանի ու Բաքվի պաշտոնական ներկայացուցիչներից ակնհայտ է դառնում, որ կողմերը «տրամագծորեն հակառակ գնահատականն են տալիս իրավիճակին և մեղադրում միմյանց»: Զախարովան հայտնել է, որ Ռուսաստանը կողմերի հետ շփման մեջ է՝ իրավիճակը խաղաղ հուն տեղափոխելու համար:
«Երեկ տեղի է ունեցել ՌԴ նախագահի հեռախոսազրույցը ՀՀ վարչապետի հետ, ՌԴ պաշտպանության նախարարը հեռախոսազրույցներ է ունեցել ՀՀ և Ադրբեջանի իր գործընկերների հետ: ՌԴ միջնորդական ջանքերի շնորհիվ զինված բախումները դադարեցին: Շարունակվում է համատեղ աշխատանք՝ նպատակ ունենալով լարվածությունը թուլացնել: Մենք կողմերին զսպվածության կոչ ենք անում: Պատրաստ ենք հետագայում ևս կողմերին աջակցել տարածաշրջանում խաղաղության ու կայունության հասնելու համար»,- ասել է նա:
Զախարովան ընդգծել է՝ վերջին զարգացումները ցույց են տալիս սահմանագծման և սահմանազատման գործընթացի, նաև ՌԴ՝ նախկինում ներկայացված առաջարկների հիման վրա համապատասխան հանձնաժողովի աշխատանքի մեկնարկի ամբողջ կարևորությունը:
«Ռուսաստանը պատասխանատվությամբ է վերաբերվում իր թե երկկողմ, թե բազմակողմ պարտավորություններին: Երկկողմ պարտավորությունների առումով համապատասխան խորհրդակցություններ են անցկացվում, իսկ ինչ վերաբերում է ՀԱՊԿ-ին, ապա, մեր ունեցած տեղեկություններով, այնտեղ ուշադրությամբ հետևում են հայ-ադրբեջանական սահմանին տիրող իրավիճակին»,- ասել է նա: