ԱՄՆ-ում հայտարարել են, որ Չինաստանն ստեղծում է պոտենցիալ, որը թույլ կտա առաջինը հարված հասցնել
ԱՄՆ Զինված ուժերի (ԶՈւ) Շտաբների պետերի կոմիտեի (ՇՊԿ) փոխնախագահ, գեներալ Ջոն Հայթենը կարծում է, որ Չինաստանն զարգացնում է ռազմական պոտենցիալ, որը հետագայում Պեկինին թույլ կտա առաջինը հարված հասցնել։ Ամերիկացի զինվորականը նման հայտարարություն է արել CBS հեռուստաալիքի հարցազրույցում, տեղեկացնում է ՏԱՍՍ-ը։
Մեկնաբանելով Չինաստանի կողմից հիպերձայնային զենքի վերջերս իրականացված փորձարկումները՝ Հայթենը նշել է. «Նրանք մեծ հեռահարության հրթիռ են արձակել։ Այն պտտվել է երկրագնդի շուրջ, նրանից առանձնացել է պլանավորող հիպերձայնային բլոկը, որը հասել է մինչեւ Չինաստան եւ խոցել թիրախը Չինաստանում»։ Լրագրողի հարցին, թե թիրախն արդյոք խոցվել է, Հայթենը պատասխանել է. «Բավական մոտ է եղել խոցելուն»։
Խոսելով չինական կողմի այս եւ ուրիշ մշակումների մասին ռազմական ոլորտում՝ նա ընդգծել է. «Ինչո՞ւ են նրանք ստեղծում այդ ամբողջ պոտենցիալը։ Դա նման է առաջին կիրառման զենքի»։ «Հենց այդպիսին է, իմ կարծիքով, այդ տեսակի զենքը»,- ավելացրել է նա։
Հոկտեմբերի 16-ին բրիտանական Financial Times թերթը տեղեկացրել էր, որ օգոստոսին Չինաստանը կրիչ հրթիռի օգնությամբ արձակել էր պլանավորող հիպերձայնային թռչող սարք, որն ի զորու է միջուկային զենք կրել։ ԱՄՆ եւ ասիական մի շարք երկրների կառավարական շրջանակների տվյալներով՝ այդ սարքը պտտվել է Երկրի շուրջ ցածր ուղեծրով, բայց չի կարողացել խոցել առաջադրված թիրախը՝ նրանից մի քանի կիլոմետր հեռու թռչելով։ Փորձարկումը, ինչպես նշել էր պարբերականը, տպավորել է Պենտագոնին, քանի որ անսպասելիորեն ցուցադրել է ՉԺՀ զգալի հաջողությունները հիպերձայնային զենքի ստեղծման գործում։
ՉԺՀ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Չժաո Լիցզյանը հոկտեմբերի 18-ին հայտարարել էր, որ Չինաստանն օգոստոսին փորձարկել է ոչ թե սպառազինության նոր տեսակ, այլ տիեզերասարք։