Բայդենն արգելել է Նիկարագուայի կառավարության անդամների մուտքն ԱՄՆ
ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը երեքշաբթի հրամանագիր է հրապարակել, որով արգելվում է Նիկարագուայի կառավարության անդամների մուտքը երկիր։ Այս մասին ասվում է Սպիտակ տան տարածած փաստաթղթերում։
«Ես որոշել եմ, որ Միացյալ Նահանգների շահերից է բխում սահմանափակել եւ կասեցնել Միացյալ Նահանգներ նախագահ Դանիել Օրտեգայի գլխավորությամբ Նիկարագուայի կառավարության անդամների՝ որպես ներգաղթյալների եւ ոչ ներգաղթյալների մուտքը, այդ թվում՝ նրա տիկնոջ եւ փոխնախագահ Ռոզարիո Մուրիլոյի, եւ մյուսների, ովքեր մշակում, իրականացնում են կամ օգուտ քաղում քաղաքականությունից կամ գործողություններից, որը խարխլում կամ վնասում է ժողովրդավարական ինստիտուտներին կամ խոչընդոտում է Նիկարագուայի վերադարձը ժողովրդավարությանը»,- ասվում է փաստաթղթում: Բայդենի խոսքով՝ Օրտեգայի կառավարության եւ նրան աջակցողների ռեպրեսիվ եւ բռնի գործողությունները ստիպում են ԱՄՆ-ին գործել։
«Պերսոնա նոն գրատա»-ի ցանկում են նաեւ ընտրված պաշտոնյաներ, նրանց աշխատակազմի անդամները, քաղաքապետեր եւ նրանց տեղակալները, ինչպես նաեւ` անվտանգության ծառայությունների, պետական կառույցների, քրեակատարողական ծառայությունների, դատական մարմինների եւ ներքին գործերի նախարարության մի շարք բարձրաստիճան պաշտոնյաներ: Պատժամիջոցներից տուժածների ընտանիքների անդամներին նույնպես արգելված է մուտք գործել ԱՄՆ։
Բայդենը նաեւ մեկ տարով երկարացրել է Նիկարագուայի դեմ պատժամիջոցների ռեժիմը։