ԱՄՆ-ը «լիովին հավատարիմ» է մնում ԱՄԷ-ին F-35 անտեսանելի կործանիչներ վաճառելու առաջարկին
ԱՄՆ-ը «լիովին հավատարիմ» է մնում ԱՄԷ-ին F-35 անտեսանելի կործանիչներ վաճառելու առաջարկին՝ չնայած նրան, որ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի վարչակազմը դանդաղեցնում է գործարքը: Այս մասին Associated Press-ին տված հարցազրույցում ասել է ԱՄՆ պետքարտուղարի օգնականի տեղակալ Միրա Ռեզնիկը։
Նրա խոսքով՝ Պարսից ծոցի արաբ գործընկերները չեն ցանկանում զենք գնել Ռուսաստանից: «F-35-ն արդեն այս տարածաշրջանում է»,-ասել է Ռեզնիկը: «Մենք կցանկանայինք, որ ԱՄԷ-ն կարողանար շահագործել F-35-ն այնպես, որ կարողանային լինել մեր անվտանգության գործընկերները եւ զսպել սպառնալիքները, այդ թվում՝ Իրանի կողմից»,-հավելել է նա։
F-35 վաճառելու առաջարկը արվել է ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփի նախագահության ավարտին։ 23 միլիարդ դոլար արժողությամբ գործարքը ներառում է նաեւ մարտական անօդաչու թռչող սարքեր եւ պաշտպանական այլ սարքավորումներ։ Բայդենի կողմից նախագահի պաշտոնը ստանձնելուց հետո նրա վարչակազմը դադարեցրել է զենքի վաճառքը։