ՌԴ ՊՆ-ն հրապարակել է տեսանյութ, որն ապացուցում է, որ իր կողմից խոցված արբանյակի բեկորները չեն սպառնում ՄՏԿ-ին
ՌԴ պաշտպանության նախարարությունը տեսանյութ է հրապարակել, որում մոդելավորված է ոչնչացված «Ցելինա-Դ» արբանյակի բեկորների շարժման հետագիծը և Միջազգային տիեզերակայանի ուղեծիրը, գրում է «ՌԻԱ Նովոստի»-ն։
Գերատեսչությունն ընդգծել է, որ մասնագետները մոդելավորել են իրավիճակը արտաքին տիեզերքում՝ հիմնվելով իրական տվյալների վրա։
«Տեսանյութի պատկերը հստակ ցույց է տալիս, որ առարկաները շարժվում են տարբեր հարթություններում տարբեր թեքություններով ուղեծրերով: Բացի այդ, ՄՏԿ-ն գտնվում է ոչնչացված արբանյակի բեկորներից 40-60 կիլոմետր ներքև: Նախկին արբանյակի բեկորները հայտնվելու պահից որևէ վտանգ չեն ներկայացնում ՄՏԿ-ի համար: ՄՏԿ-ի համար ենթադրյալ ռիսկերի մասին հայտարարությունները չեն համապատասխանում իրականությանը»,- ասված է ՊՆ-ի հաղորդագրության մեջ։
Երեքշաբթի ավելի վաղ պաշտպանության նախարարությունը հայտնել էր, որ Ռուսաստանը հաջողությամբ փորձարկել և խոցել է «Ցելինա-Դ» արբանյակը, որը ուղեծրում էր 1982 թվականից: Մինչդեռ Վաշինգտոնը հայտարարել է, որ Ռուսաստանի կողմից հակաարբանյակային զենքի փորձարկման պատճառով է, որ առաջացել է տիեզերական աղբի բեկորների հետ բախման վտանգ: