Թուրքերը հայտարարել են, որ «իրենք ոչ մեկից չեն վախենում» եւ կշարունակեն արկածախնդրությունը Միջերկրական ծովի արեւելքում
Թուրքիան «ոչ մեկից չի վախենում» եւ կշարունակի նավթի ու գազի հորատումը վիճելի ջրերում, որոնք լարվածության աղբյուր են հանդիսացել Անկարայի եւ Կիպրոսի միջեւ։ «Մենք ոչ մեկից չենք վախենում։ Նրանք, ովքեր արկածներ են փնտրում Միջերկրական ծովի արեւելքում, պատասխան կստանան»,- ասել է փոխնախագահ Ֆուատ Օկտայը, գրում է AP-ն։
Կիպրոսի կառավարությունը հայտարարել է, որ ExxonMobil-ը եւ Qatar Petroleum-ը մի քանի շաբաթից կվերսկսեն հորատումները Կիպրոսի հարավ-արեւմուտքում գտնվող տարածքում, որտեղ իրենք նավթի եւ գազի հետախուզման լիցենզիա ունեն: Total եւ Eni էներգետիկ ընկերությունների կոնսորցիումը հաջորդ տարվա առաջին կիսամյակում նույնպես կվերսկսի հորատումները Կիպրոսի հարավային ափերի մոտ:
Թուրքիան հավակնում է բացառիկ տնտեսական իրավունքների։ Անկարան պնդում է, որ այդ ջրերի մի զգալի մասը կա՛մ համընկնում է իր մայրցամաքային ծոցի հետ, կա՛մ պատկանում է կիպրոսցի թուրքերին։ Կիպրոսի կառավարությունը պնդում է, որ Թուրքիայի գործողությունները հակասում են միջազգային իրավունքին։
Կիպրոսը պառակտվել է 1974 թվականին, երբ Թուրքիան օկուպացրեց կղզու հյուսիսային մասը։
Անցյալ շաբաթ ֆրանսիական Auvergne հետախուզանավը կանգ էր առել Կիպրոսում, որպեսզի ցույց տա, որ «միջազգային իրավունքի հարգանքը եւ հատկապես նավագնացության ազատությունը նշանակություն ունեն» Ֆրանսիայի համար: Կապիտան Պոլ Մերվիլյու դե Վինոն ասել է, որ այս տարածաշրջանում հետախուզանավի տեղակայումն «ընդգծում է, թե որքան կարեւոր է Ֆրանսիան համարում Միջերկրական ծովի այս հատվածը» եւ «այս ռազմավարական տարածքի կայունացմանը նպաստելու երկրի պատրաստակամությունը»:
Ֆրանսիան նաեւ ձգտում է հայտարարել իր ներկայության մասին, որպեսզի ծովային հորատմանը չմիջամտելու ազդանշան ուղարկի Թուրքիային:
2018 թվականի փետրվարին թուրքական ռազմանավերը թույլ չեն տվել Eni-ի կողմից վարձակալված հորատող նավին Կիպրոսի հարավարեւելյան ջրերում հետախուզական հորատումներ կատարել: