Արքայազն Հարիի և Մեգան Մարքլի հարցազրույցը անհետացել է YouTube-ից
Ամերիկացի հեռուստահաղորդավարուհի Օփրա Ուինֆրիի YouTube-ի ալիքից անհետացել է արքայազն Հարիի և Մեգան Մարքլի սկանդալային հարցազրույցը։ Այս իրադարձությանը նախորդել էին թագուհի Եղիսաբեթ II-ի վատառողջության մասին լուրերը։
Արքայազն Հարիի և նրա կնոջ՝ Մեգան Մարքլի հետ հարցազրույցը հրապարակվել է այս տարվա մարտին։ Այն մեծ աղմուկ էր բարձրացրել թագավորական պալատում՝ արքայական կյանքի մասին Սասեքսի դքսուհու սկանդալային խոստովանությունների պատճառով։
Լրագրող Օփրա Ուինֆրին դեռ չի մեկնաբանել տեսանյութն իր ալիքից հեռացնելու որոշումը։ Բուքինգհեմյան պալատի փորձագետները չեն բացառում, որ հեռուստահաղորդավարուհին վախեցել է իր հեղինակության համար։ Վերջին շրջանում Եղիսաբեթ II թագուհին առողջական խնդիրներ է ունենում, որոնք կարող են սրվել սկանդալային հարցազրույցի պատճառով:
Մեգան Մարքլը հարցազրույցներից մեկում խոստովանել է, որ թագավորական ընտանիքի անդամներն ուժեղ ճնշման տակ են։ Նա բազմիցս մտածել է ինքնասպանության մասին, քանի որ ի թիվս այլ ճնշումների՝ բախվել է նաև իր նկատմամբ ռասիզմի դրսևորումների։ Մարքլի խոսքով՝ իր ամուսնու հարազատներից մեկը խորապես մտահոգված էր իրենց որդու՝ Արչիի մաշկի գույնով։