Սովորել եմ Երևանում, մեկ տարի աշխատել Կապանում, հետո Երևանում․ Կապանի խնդիրներին բավական ծանոթ եմ․ Կապանի համայնքապետի ՔՊ-ական թեկնածու (տեսանյութ)
ՏեսանյութերԵս, քանի որ գեղարվեստի ուղղությամբ եմ փորձել ճանապարհ անցնել, ստիպված էի Երևանում սովորել։ Հետո Պետական վերահսկողական ծառայությունում եմ աշխատել, հետո դարձել պատգամավոր։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց Կապանի համայնքապետի՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության թեկնածու Դավիթ Դանիելյանը՝ անդրադառնալով դիտարկմանը, թե տարբեր կապանցիներ մտահոգություն ունեն, որ Դանիելյանը, Կապանում չապրելու պատճառով, լավատեղյակ չէ քաղաքի խնդիրներից։
«Դրանից հետո մեկ տարի աշխատել եմ Կապանում՝ Բնապահպանության նախարարության ենթակայության տակ։ Դրանից հետո աշխատել եմ ԿԳ նախարարությունում՝ Երևանի կենտրոնում, եթե լիներ Կապանի կենտրոնում, Կապանի կենտրոնում կաշխատեի»,-շարունակեց նա։
Հարցին՝ այդ դեպքում համայնքի խնդիրներին որքանո՞վ է ծանոթ, Դանիելյանն արձագանքեց․ «Բավականին ծանոթ եմ»։
Անդրադառնալով դիտարկմանը, որ ընտրությունների դիտորդներն ասում են, որ Կառավարությունը վարչական ռեսուրս է կիրառել Կապանում, համայնքապետի թեկնածուն արձագանքեց․ «Ես դեռ չեմ լսել, որ կոնկրետ քաղաքացի հայտարարություն անի, որ իր նկատմամբ ինչ-որ վարչական ռեսուրս է կիրառվել»։
Այն դիտարկմանն էլ, որ ընտրություններից մի քանի օր առաջ Կառավարությունն 9 միլիարդ դրամ է հատկացրել Կապանին՝ կրթական ծրագիր իրականացնելու պատճառով, Դանիելյանը պատասխանեց՝ չի կարող ասել՝ ինչպես է այդպես եղել, բայց ընդգծեց՝ գումարի տրամադրումը երկար գործընթաց է, իսկ նման ծրագրերն արագ պետք է իրականացվեն։
Նա վստահեցրեց, թե ընտրարշավի ընթացքում չի եղել մի քաղաքացի, որ դիմած լինի իրենց շտաբին սոցիալական աջակցություն ստանալու համար։ «Մարզպետարանի մասով չեմ կարող ասել, իրավասու էլ չեմ պատասխանել և տեղյակ էլ չեմ՝ ում են վերջին անգամ սոցիալական օգնություն հատկացրել»,-ասաց նա։
Հարցին՝ ինչո՞ւ է նա փոխվարչապետ Սուրեն Պապիկյանի հետ այցելել Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ, Դանիելյանը պատասխանեց, թե դա իր առաջին այցը չէր։ «ԶՊՄԿ 15 տոկոս մասնաբաժինը ՀՀ կառավարությանն է պատկանում, և հնարավոր է՝ այդ մասնաբաժինը գնալով վերադարձվի ՀՀ քաղաքացուն։ Ես՝ լինելով քաղաքական թիմի անդամ և ՔՊ պատգամավոր, նույնպես հետաքրքրված եմ կոմբինատի ապագայով, դրա ծավալների ընդլայնմամբ և կոմբինատի ներսում մեր հայրենակիցների շահերը պաշտպանելով»,-ասաց նա։
Դիտարկմանը, թե դա դիտարկվել է ԶՊՄԿ աշխատակիցների վրա ճնշում գործադրելու մեխանիզմ, Դանիելյանն ասաց, թե կոմբինատում խոսել են այն մասին, որ պետք է ընդլայնվեն ծավալները, որ հնարավոր է նոր ատոմակայանի կառուցում և պղնձաձուլարանի ստեղծում, նաև լսել են քաղաքացիների առաջարկները։
Ինչ վերաբերում է դիտարկմանը, թե ըստ փորձագետների կարծիքների՝ Կառավարությունը բիզնես է խլում, քաղաքապետի թեկնածուն արձագանքեց․«Ես վստահ եմ, որ ՀՀ քաղաքացիները քաջ գիտակցում են, որ մենք բիզնես խլող չենք, մենք բիզնեսները կամ կոմբինատները քաղաքացիներին վերադարձնող ենք»,-ասաց նա։
Այն դիտարկմանը, թե ինքը քավոր-սանիկական հարաբերություններ ունի վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանի հետ, և հարցին՝ իր՝ Կապանում առաջադրվելն ինչքանով է համապատասխանում իրենց ուժի մերժած «բաջանաղապետությանը», համայնքապետի թեկնածուն արձագանքեց, թե ինքը Հարությունյանի մոտ մի քանի ամիս փորձաշրջան է անցել, հետո 2 տարի աշխատել որպես օգնական, հետո միայն ստեղծվել են քավոր-սանիկական հարաբերություններ։ «Դա չի նշանակում, որ նա իր սանիկին ընդունել է աշխատանքի»,-ասաց Դանիելյանը։
Վերջինս վստահեցրեց՝ իրենց քաղաքական թիմի կողմից իրականացվող բոլոր քայլերն ուղղված են ՀՀ-ի և ՀՀ քաղաքացու շահը բարձր պահելուն։