Ռուսաստանը Հնդկաստանին կմատակարարի Ս-400 առաջին խմբաքանակը
Ռուսաստանը Հնդկաստանին կմատակարարի Ս-400 առաջին խմբաքանակը մինչեւ տարեվերջ: Այդ մասին հաղորդում է ՌԻԱ Նովոստի-ն՝ հղում անելով Ռազմատեխնիկական համագործակցության դաշնային ծառայության տնօրեն Դմիտրի Շուգաեւին:
«Առաջին խմբաքանակը կմատակարարվի մինչեւ տարեվերջ»,-պատմել է նա նախքան Dubai Airshow միջազգային ցուցահանդեսի մեկնարկը:
Ս-400 «Տրիումֆը» մեծ եւ միջին հեռահարության ռուսական զենիթահրթիռային համալիր է: Այն ունակ է ոչնչացնել բոլոր ժամանակակից եւ հեռանկարային օդատիեզերական հարձակման միջոցները: Համակարգը կարող է խոցել օդադինամիկ թիրախները մինչեւ 400 կմ հեռավորության վրա եւ մինչեւ 4,8 կմ/վ արագությամբ թռչող տակնիկական բալիստիկ թիրախները՝ մինչեւ 60 կմ հեռավորության վրա: Այդ շարքում են թեւավոր հրթիռները, տակտիկական եւ ռազմավարական ավիացիայի ինքնաթիռները, բալիստիկ հրթիռների մարտական բլոկները:
Հնդկաստանին Ս-400 զենիթահրթիռային համալիրներ մատակարարելու պայմանագիրը կնքվել է 2018 թվականի հոկտեմբերին: Հինգ համալիրների մատակարարման արժեքն է 5,43 միլիարդ դոլար: Հնդկաստանը Չինաստանից եւ Թուրքիայից հետո երրորդ երկիրն է, որը Ռուսաստանից ձեռք է բերել Ս-400 զենիթահրթիռային համալիրներ: