«Անկարան պարզ հասկանում է՝ ինչ նպատակով է Կիևն անօդաչուներ գնում և ում դեմ է դրանք կիրառելու». Պուշկովը քննադատել է Թուրքիային՝ Ուկրաինայի ԱԹՍ-ներ վաճառելու համար
ՌԴ խորհրդարանի վերին պալատի անդամ Ալեքսեյ Պուշկովը քննադատության է ենթարկել Թուրքիայի կողմից Bayraktar անօդաչուների վաճառքն Ուկրաինային:
Ինչպես գրում է Свободная Пресса-ն, սենատորի կարծիքով՝ այս իրավիճակում հասկանալի է, թե ինչ նպատակով է Կիևն անօդաչուներ ձեռք բերում և ում դեմ է դրանք կիրառելու:
«Այն բանից հետո, երբ թուրքական անօդաչուները վաճառվում են Ուկրաինային, ինչպես նշել է Թուրքիայի ԱԳ նախարար Մևլյութ Չավուշօղլուն, դրանք դառնում են Ուկրաինայի սեփականությունը, այդ իսկ պատճառով Թուրքիայի նկատմամբ բողոքներ լինել չեն կարող: Սակայն մինչ դրանց վաճառելը, անօդաչուները Թուրքիայի սեփականաությունն են»,- գրել է Պուշկովը սոցցանցում:
Սենատորը վստահություն է հայտնել, որ Անկարան է որոշում կայացնում՝ ում վաճառի տվյալ զենքը: Բացի այդ, Պուշկովն ընդգծել է, որ Անկարան պարզ հասկանում է՝ ինչի համար է Կիևը գնում ԱԹՍ-ները:
«Իրավիճակի բացարձակ պարզությունը, որն ակնհայտ է նաև Անկարայի համար, չի կարող դրանց կիրառման հետևանքների համար պատասխանատվության բաժին չդնել Թուրքիայի վրա»,- մեկնաբանել է Պուշկովը:
Հիշեցնենք, որ նախօրեին հրապարակված տեղեկությունների համաձայն՝ Ուկրաինան և Թուրքիան ևս մեկ պայմանագիր են կնքել «Բայրաքթար» անօդաչուների նոր խմբաքանակի մատակարարման վերաբերյալ: