Բայդեն. համաշխարհային շուկայում նավթի ծավալները նախկինի պես թույլ են տալիս կրճատել Իրանից նավթի գնումները
ԱՄՆ վարչակազմը կարծում է, որ համաշխարհային շուկայում նավթի ծավալները նախկինի պես թույլ են տալիս այլ երկրներին կրճատել Իրանից նավթի գնումները։ Այս մասին ասվում է ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի ստորագրած եւ ուրբաթ օրը Սպիտակ տան մամուլի ծառայության կողմից հրապարակված հուշագրում, փոխանցում է ՏԱՍՍ-ը։
Ինչպես նշված է փաստաթղթում, ամերիկացի առաջնորդն իրեն տրամադրված տեղեկատվության հիման վրա եկել է այն եզրակացության, որ «կա նավթի եւ նավթամթերքի բավարար մատակարարում Իրանից բացի այլ երկրներից», ինչը թույլ է տալիս ապահովել Թեհրանից նավթի գնումների կրճատումը։ «Ես կշարունակեմ ուշադիր հետեւել այս իրավիճակին»,-ասվում է հուշագրում, որն ուղարկվել է ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենին, ֆինանսների նախարար Ջանեթ Յելենին եւ էներգետիկայի նախարար Ջենիֆեր Գրանհոլմին: