Ալիևը կրկին խոսել է «Զանգեզուրի միջանցքի» մասին
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հույս է հայտնել, որ Հայաստանը կհրաժարվի «Թուրքիայի և Ադրբեջանի նկատմամբ տարածքային հավակնություններից»:
Այս մասին հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները։
«Վաղ թե ուշ Հայաստանը կհասկանա, որ տարածքային պահանջները ոչ մի երկրին օգուտ կամ պատիվ չեն բերում։ Հուսով եմ, որ Հայաստանը կհրաժարվի Թուրքիայի և Ադրբեջանի հանդեպ տարածքային հավակնություններից, իսկ եթե ոչ, ապա ավելի կվատթարացնի իրավիճակը»,- ասել է Ալիևը՝ ելույթ ունենալով Ստամբուլում անցկացվող Թյուրքալեզու պետությունների գործակցության խորհրդի 8-րդ գագաթնաժողովում:
Ալիևը նաև ասել է, որ Ադրբեջանն ամեն ինչ անում է Թյուրքական աշխարհի ամրապնդման համար: Մասնավորապես, նա հիշեցրել է, որ 20-րդ դարի 20-ականներին, երբ «ադրբեջանական տարածքներն անցան Հայաստանին», այդպիսով «Թյուրքական աշխարհը բաժանվեց»:
«Այսօր մենք կրկին միավորում ենք Թյուրքական աշխարհի աշխարհագրությունը լոգիստիկ նախագծերի հաշվին»,- ասել է նա՝ հավելելով, որ «Զանգեզուրի միջանցքը» լայն հնարավորություններ կբացի ամբողջ տարածաշրջանի համար:
«Այդ միջանցքն ունի լավ ներուժ, այն կմիավորի Թյուրքական աշխարհի բոլոր երկրները, կմիավորի մեզ Եվրոպայի հետ։ Սա շատ կարևոր նախագիծ է»,- ասել է Ալիևը։