Պատրաստ եմ մեկ անգամ էլ բեմից ընկնել, եթե դա քաղաքացիներին կօգնի ճիշտ ընտրություն կատարել. Արկադի Լալազարյան
Երեկ նոյեմբերի 12-ին, Կապանում ՔՊ-ի քարոզարշավն առանց միջադեպերի չընթացավ: Քարոզարշավի ժամանակ կապանցի հաղորդավար, դերասան Արկադի Լալազարյանը բեմից ընկավ ցած:
Հատկանշական է, որ համացանցում լայնորեն քննարկվեց, ոչ այնքան երիտասարդի ընկնելը, որքան այն, որ իր գործընկերներից և ոչ մեկը նրան օգնության ձեռք չմեկնեց: Նշենք, որ Արկադի Լալազարյանի կողքին էր կանգնած փոխվարչապետ Սուրեն Պապիկյանը և ՔՊ ավագանու թեկնածու Էդիկ Հովսեփյանը, որոնք ևս իրենց գործընկերոջ ընկնելուց հետո շարունակեցին քարոզարշավը:
ԼՈՒՐԵՐ.com-ը զրուցել է Արկադի Լալազարյանի հետ, որն ասաց՝ որևէ լուրջ վնասվածք չի ստացել, չնայած այն հանգամանքին, որ բեմը բավականին բարձր էր. «Բարեբախտաբար, ընկնելուց լուրջ վնասվածքներ չստացա, միայն մի քանի քերծվածք եղավ, ոտքս մնաց ինչ-որ տեղ և ձեռքերով կարողացա սիրուն վայրէջք կատարել: Շատ ուժեղ անձրև էր տեղում, հատակն էլ այնպիսին էր, որ սահում էր և ոտքս սայթաքեց, գլորվեցի ցած՝ լիքը մարդկանց պատճառելով ծիծաղ»,- նշեց նա՝ հավելելով, որ այդ ամենին շատ նորմալ է վերաբերվում, անգամ, ինքն էլ մինչև այսօր ծիծաղում է:
Մեր այն հարցին, թե ինչու գործընկերները իրեն օգնության ձեռք չմեկնեցին և արդյոք վիրավորված է նրանց անտարբերությունից, նա պատասխանեց. «Գործընկերներս չմոտեցան ինձ, որովհետև հենց ընկա, բեմի հետնամասից նորից բարձրացա բեմ և շարունակեցի քարոզարշավը: Իրականում մարդիկ արդեն ուզում էին դադարեցնել քարոզարշավը, բայց ես հենց հասկացա դա, միանգամից բարձրացա բեմ, ասացի՝ ամեն ինչ կարգին է, շարունակե՛ք»,- ասաց Արկադի Լալազարյանը:
Մանրամասները՝ այստեղ: