Ամերիկացի երեխան ծնվել է հղիության 21-րդ շաբաթում և դարձել Գինեսի ռեկորդակիր (լուսանկարներ)
ԱՄՆ-ի Ալաբամա նահանգում պաշտոնապես գրանցվել է պատմության մեջ երեխայի ամենավաղաժամ ծնունդը։ Ըստ Բիրմինգհեմի Ալաբամայի համալսարանի, Քերթիս Մինսը ծնվել է անցյալ տարի հղիության 21-րդ շաբաթ և 1 օրում՝ 420 գրամ քաշով:
Նշվում է, որ տղան արդեն մեկ տարեկան չորս ամսական է, սակայն Գինեսի ռեկորդների գրքում գրառումը հայտնվել է միայն հիմա։
Քերթիսը միայնակ չի ծնվել. նա ուներ քույր՝ Կասիան, բայց վերջինս ապրեց ընդամենը մեկ օր։
Բժիշկները տղայի ողջ մնալու հավանականությունը գնահատել էին 1%, իսկ այն, ինչ տեղի ունեցավ հետո, կոչվում է հրաշք։
Երեք ամիս անց Քերթիսին անջատել են թոքերի արհեստական օդափոխման սարքից, իսկ այս տարվա ապրիլին նա դուրս է գրվել հիվանդանոցից, որտեղ անցկացրել է 275 օր։