Բլինկենը ՌԴ-ին կոչ է արել չկրկնել «2014 թվականի սխալը»
ԱՄՆ Պետքարտուղար Էնթոնի Բլինկենը չորեքշաբթի Ուկրաինայի արտաքին գործերի նախարար Դմիտրի Կուլեբայի հետ ճեպազրույցի ժամանակ ասել է, որ ԱՄՆ-ն «մտահոգված է, որ Ռուսաստանը կարող է փորձել կրկնել իր 2014 թվականի ներխուժումն Ուկրաինա»՝ նշելով, որ «ցանկացած էսկալացիոն կամ ագրեսիվ գործողություն լուրջ անհանգստություն կառաջացնի ԱՄՆ-ի համար», գրում է axios.com-ը։
«Մենք անհանգստացած ենք Ուկրաինայի մերձակայքում ռուսական անսովոր ռազմական ակտիվության մասին հաղորդագրություններով: Մենք շատ ուշադիր հետևում ենք տարածաշրջանին», - ասել է Բլինկենը:
Նա ասել է, որ «թեև Ռուսաստանի մտադրությունները մնում են անհասկանալի, ԱՄՆ-ն հասկանում է Ռուսաստանի «սցենարը», որը նախկինում ներառել է ուկրաինական կեղծ սադրանքների հորինում՝ իր ռազմական գործողություններն արդարացնելու համար»:
«Մեր մտահոգությունն այն է, որ Ռուսաստանը կարող է լուրջ սխալ թույլ տալ՝ փորձելով կրկնել այն, ինչ ձեռնարկել էր դեռևս 2014 թվականին, երբ նա ուժեր կուտակեց սահմանի երկայնքով, անցավ ինքնիշխան Ուկրաինայի տարածք և դա արեց՝ կեղծ պնդելով, որ իրեն սադրել են», - ասել է Բլինկենը։
«Եթե կան որևէ սադրանքներ, որոնք մենք տեսնում ենք, ապա դրանք գալիս են Ռուսաստանից»,- հավելել է նա։
Ամերիկյան աղբյուրը նկատում է, որ Ուկրաինայի սահմանի երկայնքով ռուսական զորքերի նոր կուտակումն անհանգստություն է առաջացրել ԱՄՆ-ի և եվրոպացի պաշտոնյաների մոտ: