Թուրքական «Baykar Makine» ընկերության տնօրենը հայտարարել է 2 նոր ԱԹՍ-ի նախագծման մասին
Թուրքիայում անցկացվող «SAHA EXPO 2021» պաշտպանական արդյունաբերության ցուցահանդեսի ժամանակ «Baykar Makine» ընկերության տնօրեն Հալուք Բայրաքթարը հայտնել է երկու նոր ռազմական անօդաչու թռչող սարքի (ԱԹՍ) մոդելի նախագծման մասին։ Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։
Բայրաքթարը նշել է, որ նոր ԱԹՍ-ները հարմարեցված են լինելու այնպես, որ կարողանան թռիչք կատարել թուրքական նավատորմի դեսանտային նավի՝ «TCG Anadolu»-ի վրա։
«Գոյություն ունեն 2 տեսակի ԱԹՍ համակարգեր, որոնք կբարձրանան «TCG Anadolu»-ից: Բայրաքթար TB3 և մարտական անօդաչու ինքնաթիռներ (MUIS): Դրանք ներկայում գտնվում են արագ զարգացման փուլում: Երկուսն էլ նախագծվում են «TCG Anadolu»-ի վրա վայրէջք և դրա վրայից թռիչք կատարելու համար»,-նշել է նա:
Բայրաքթարը նաև շեշտել է, որ Թուրքիան առանց այդ էլ առաջատար է ԱԹՍ արտահանող երկրների շարքում, իսկ նոր ԱԹՍ-ներով էլ ավելի է զարգացնելու ձեռք բերած թափը։