Նիկոլ Փաշինյանը շուտով մեծ թատրոն է պատրաստում. ոմանք «ժերտվա» կգնան. «Հրապարակ»
«Հրապարակ» թերթը գրում է.
«Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանի եւ Սամվել Բաբայանի հարաբերությունները սրվել են։ Հարությունյանն ակտիվորեն աշխատում է այդ ուղղությամբ․ նրա մտերիմները հարցազրույցներ են տալիս Բաբայանի դեմ, փորձում են պատերազմի պատասխանատվության մեծ բաժինը դնել նրա ուսերին, մասնավորապես՝ որ Բաբայանն է համոզել Փաշինյանին իրականացնել Լելե-թեփեի հայտնի օպերացիան ու ձախողելով` կոտրել է բանակի ողնաշարը, ինչից էլ սկսվել է պարտությունների շարքը։
Վերջերս էլ Քարվաճառի քաղաքապետ Ռոլանդ Այդինյանն է խոսել Սղնախի հայտնի օպերացիայի մասին, որով փորձ է արվել կանխել դեպի Շուշի ադրբեջանցիների ներթափանցումը, եւ մեղադրանքների սլաքը կրկին ուղղել է Բաբայանի կողմը։ Խնդիրն այն է, որ Արցախում կատաղի պայքար է, թե ով կխուսափի մատաղացու գառ դառնալուց։
Բանն այն է, որ Նիկոլ Փաշինյանը շուտով մեծ թատրոն է պատրաստում. դա կլինի 44-օրյայի քննիչ հանձնաժողովի աշխատանքների արդյունքում, թե այլ ֆորմատով` պարզ չէ, բայց ոմանք «ժերտվա» կգնան։ Իշխանությունը կարծում է, որ պատերազմի պարտությունը, այսպես թե այնպես, չի մարսվելու, դա կուտակվելու է եւ ինչ-որ պահի ժողովրդին ոտքի է հանելու, ուստի հարկավոր է դժգոհությունը որոշակի հունով ուղղել եւ մեծ «շնաձկներ» մատուցել հանրությանը։ Միայն Օնիկ Գասպարյանի ու ԳՇ-ի վրա կուժնուկուլան կոտրելը չի ստացվի, հատկապես որ Գասպարյանը քաղաքական հալածյալ է դիտարկվում եւ պաշտոնանկությունից հետո հայտնվել է Քոչարյանի թիմում։
Ըստ այդմ, մեղավորներին պետք է փնտրել Արցախում՝ Արայիկ Հարությունյան-Ջալալ Հարությունյան-Սամվել Բաբայան եռանկյունում` ներկայացնելով, որ նրանք են եղել պատերազմի գլխավոր դերակատարները։ Արայիկ Հարությունյանն էլ որոշել է Սամվել Բաբայանին «մատաղացու» դարձնել»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: