ԲՀԿ թեկնածուն պնդում է, որ իրենց ծրագրում ոչ մի ականջահաճո դրույթ չկա. «Փաստ»
«Փաստ» օրաթերթը գրում է.
«Ինչպես արդեն առիթ ունեցել ենք նշելու, դեկտեմբերի 5-ին սպասվող ավագանու ընտրությունների առումով ամենամրցակցայինը Վանաձորն է. այստեղ առաջադրվել է տասը քաղաքական ուժ: «Բարգավաճ Հայաստան» կուսակցության ավագանու ցուցակը գլխավորող Էդգար Բոջուկյանը «Փաստի» հետ զրույցում ասում է, որ իրենց ներկայացրած ծրագրում ներառված են բացառապես իրատեսական կետեր:
«Իմ հարազատ Վանաձոր համայնքի հետ կապված բազմաթիվ ծրագրեր կան, քարոզարշավի ընթացքում մանրամասն կներկայացնեմ դրանք համայնքի բնակիչներին: Միայն ցանկանում եմ, որ համայնքի բնակիչները իմանան՝ մեր քաղաքական ուժի ներկայացրած ծրագրում ներառված են բացառապես այնպիսի կետեր, որոնք մենք ի զորու ենք իրականացնել, որոնք իրատեսական են: Ոչ մի ականջահաճո դրույթ այնտեղ չկա, միայն այն, ինչ մեր ուժերի սահմաններում է»,- ասում է Բոջուկյանը:
Հարցնում ենք՝ ինչո՞ւ պետք է վանաձորցին վստահության քվե տա հենց ձեզ: «Գիտեք, ես միայն այն կասեմ, որ վանաձորցիները շատ լավ են ճանաչում նրանց, ովքեր առաջադրվել են համայնքում, այդ թվում՝ նաև ինձ, այն թիմը, որը ներկայացնում եմ: Գիտեն մեր կուսակցության և կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանի սրտացավ վերաբերմունքը մարզերի նկատմամբ: Իսկ սրտացավությունը հենց այն որակն է, որն անհրաժեշտ է համայնքը բարեկարգելու ու բարեկեցիկ կենսակերպ ապահովելու համար», - նշեց ԲՀԿ թեկնածուն՝ կոչ անելով վանաձորցիներին՝ ընտրություն կատարել իրենց խղճին հավատարիմ»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: