Զախարովա. Ժամանակն է «3+3»-ի գործարկման ծրագրերը գործնական ուղու վրա դնել
ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների ձեւաչափը միջազգային լայն աջակցություն է վայելում, ինչպես նշված է ՌԴ ԱԳՆ այս տարվա նոյեմբերի 9-ի հայտարարության մեջ։ Այս մասին ճեպազրույցում ասել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան՝ պատասխանելով այն հարցին, թե ԵԱՀԿ Մինսկի խմբի աշխատանքն ինչ ոլորտներում է պահանջված՝ 2020թ. նոյեմբերի 9-ի եռակողմ համաձայնագրի ստորագրումից հետո։
«Մենք կարևոր ենք համարում ԵԱՀԿ Մինսկի խմբի եռյակի գծով ջանքերի շարունակությունը՝ առաջին հերթին տարածաշրջանի առջև ծառացած սոցիալ-տնտեսական և հումանիտար մարտահրավերների լուծման համատեքստում։ Հիշեցնեմ նաև, որ սեպտեմբերի 24-ին, ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 76-րդ նստաշրջանի շրջանակներում, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները «3+2» ձևաչափով հանդիպում են անցկացրել Հայաստանի եւ Ադրբեջանի արտգործնախարարների հետ։ Այժմ եռյակը պատրաստվում է շփումների եվրոպական մի շարք մայրաքաղաքներում, և մենք կարծում ենք, որ կարևոր է որքան հնարավոր է շուտ վերսկսել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների լայնածավալ ուղևորությունների պրակտիկան այս տարածաշրջան»,- նշել է Զախարովան։
Ռուսաստանը աջակցել է «3+3» տարածաշրջանային խորհրդատվական մեխանիզմի ստեղծմանը և կարծում է, որ եկել է ժամանակը դրա գործարկման ծրագրերը գործնական ուղու վրա դնել։ «Մենք ելնում ենք նրանից, որ «3+3» ձեւաչափը համապատասխանում է տարածաշրջանի բոլոր երկրների շահերին»,- ասել է Զախարովան:։
Մեկնաբանելով Վրաստանի դիրքորոշումը՝ Զախարովան նշել է, որ Թբիլիսիում հակասական հայտարարություններ են հնչում այս հարթակին մասնակցության վերաբերյալ. «Վրաստանը, որպես ինքնիշխան պետություն, իրավունք ունի հավատարիմ մնալ իր դիրքորոշմանն այս հարցում»։
Թուրքիայի եւ Ադրբեջանի նախաձեռնած «3+3» ձևաչափը ենթադրում է Հարավային Կովկասի երկրների և դրանց հարեւանների՝ Ադրբեջանի, Վրաստանի, Հայաստանի, Ռուսաստանի, Իրանի եւ Թուրքիայի մասնակցությունը։