Ինչն է նպաստում գլոբալ տաքացմանը
Գլազգոյում շարունակվում է կլիմայի փոփոխության մասին շրջանակային կոնվենցիայի կողմերի 26-րդ համաժողովը: Ինչպես փոխանցում է Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը, այս տարի Գլազգոյի համաժողովին երկրները թարմացնում են ջերմոցային գազերի արտանետումների կրճատման իրենց ծրագրերը:
Իսկ ինչու՞ է անհրաժեշտ կրճատել ջերմոցային գազերի արտանետումները:
Ջերմոցային գազերի արտանետումները ազդում են կլիմայի փոփոխության վրա:
Այս երևույթի հիմքում ընկած է ջերմոցային էֆեկտը, այսինքն՝ մթնոլորտի ստորին շերտերում գազերի միջոցով ջերմության պահպանումը։ Առանց այս ջերմոցային գազերի (ածխածնի երկօքսիդ, մեթան, ազոտի օքսիդ, հալոգենացված միացություններ և այլն), երկրագնդի մակերևույթի ջերմաստիճանը մոտ մեկ երրորդով ցածր կլիներ:
Սակայն դրանց կոնցենտրացիայի ավելացումը բնականոն կերպով հանգեցնում է որոշակի գազային շերտի ձևավորմանը, որը խոչընդոտում է երկրի մակերևույթից դեպի տիեզերք ավելորդ ինֆրակարմիր ճառագայթների անցմանը: Արդյունքում էներգիայի զգալի մասը մնում է գետնամերձ շերտում՝ առաջացնելով այսօր նկատվող տաքացումը:
20-րդ դարի ընթացքում մթնոլորտում ածխաթթու գազի կոնցենտրացիան ավելացել է ավելի քան 30%-ով, իսկ մեթանինը՝ ավելի քան 100%-ով։
Գլոբալ տաքացման գործում ամենամեծ ներդրումն ունի ածխաթթու գազը (մոտավորապես 65%), իսկ ջերմոցային գազերի արտանետումների գերակշռող ծավալ ունեցող տնտեսության հիմնական հատվածը էներգետիկան է: Հայաստանի համար այդ թվերը կազմում են համապատասխանաբար մոտ 54% և 67%։
Ընդ որում, մեր երկրում ածխաթթու գազի արտանետումների ընդհանուր ծավալում էներգետիկայի մասնաբաժինը հասնում է մոտ 95%-ի։ Բացարձակ մեծությամբ ջերմոցային գազերի համաշխարհային արտանետումները հասել են մոտ 36 մլրդ տ/տարի, իսկ Հայաստանում՝ մոտ 10 մլն տ/տարի։
Բացարձակ արտանետումների քանակով առաջատարներն են Չինաստանը (մոտ 20%), ԱՄՆ-ը (մոտ 18%), Եվրամիությունը (մոտ 13%)։