Թուրքիան նպատակ ունի դառնալ աշխարհի առաջատար տերություններից մեկը. Էրդողան
Թուրքիայի իշխանություններն ամեն ջանք գործադրում են երկիրն աշխարհի առաջատար տերությունների շարքում ներառելու համար։ Դրան հնարավոր կլինի հասնել երկրի զարգացած ենթակառուցվածքների, քաղաքական և տնտեսական հզորության շնորհիվ։ Այս մասին չորեքշաբթի Անկարայում Հանրապետության հիմնադիր Մուստաֆա Քեմալ Աթաթուրքի հիշատակի արարողության ժամանակ հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը։
Նրա խոսքով՝ «Թուրքիայի ներկայիս իշխանությունները գնում են առաջին նախագահի կտակած կուրսով՝ ամրապնդելով երկրի քաղաքական դիրքերը, զարգացնելով տնտեսությունն ու ռազմական հզորությունը»։
Նրա խոսքով, Թուրքիան ներկայում ներգրավված է Սիրիայում, Լիբիայում և Կովկասում ընթացող գործընթացներում։
«Ժամանակակից Թուրքիան ակտիվ դիվանագիտական պայքար է մղում Եվրոպայում և աշխարհում։ Մենք «Թուրքական տուն» ենք կանգնեցրել հենց Նյու Յորքում ՄԱԿ-ի կենտրոնակայանի դիմաց։ Այսպիսով, մենք լավագույն պատասխանը տվեցինք մեր քննադատներին»,- ասել է Էրդողանը։