Ռուսաստանում Ս-550 հակաօդային պաշտպանության նոր համակարգ է ստեղծվում
Ռուսաստանում Ս-550 հակաօդային պաշտպանության նոր համակարգ է ստեղծվում: Այս մասին հայտարարել է ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն Մոսկվայում զինված ուժերի ղեկավարության հետ համաժողովի ժամանակ, փոխանցում է «Ինտերֆաքս»-ը։
Նա զինվորականներին հայտնել է, որ նոյեմբերի 1-ից 3-ը նախագահ Վլադիմիր Պուտինը Սոչիում մի շարք հանդիպումներ է անցկացրել պաշտպանության նախարարության ղեկավարության եւ ռազմարդյունաբերական համալիրի ձեռնարկությունների հետ։ «Քննարկվել են միջոցներ Ռուսաստանի սահմանների մոտ իրավիճակի փոփոխություններին համարժեք արձագանքելու համար: Մեծ ուշադրություն է դարձվել երկրի օդատիեզերական պաշտպանության համակարգի կատարելագործմանը»,-ասվում է ՊՆ-ի հայտարարության մեջ:
Ս-550 համակարգի բնութագրերը նախկինում չեն հրապարակվել։ Բաց աղբյուրների համաձայն՝ Ս-550-ն անվանել են կարճ հեռահարության հակահրթիռային պաշտպանության համակարգ, որը մշակվել է ԽՍՀՄ-ում 1980-ականներին։ Ս-550 նախագիծը, ինչպես նաեւ պաշտպանական մի շարք այլ մշակումներ, փակվել են 1986 թվականին ԽՍՀՄ եւ ԱՄՆ առաջնորդներ Միխայիլ Գորբաչովի եւ Ռոնալդ Ռեյգանի հանդիպման ժամանակ ձեռք բերված պայմանավորվածություններից հետո։