120-ից ավելի վարակված հղիներ ունենք, երեխաները եւս ծանր են տանում COVID-19-ը. վարակաբան-լյարդաբան Հասմիկ Ղազինյան
Հայաստանում արդեն մի քանի հղի է մահացել կորոնավիրուսային վարակից, և այս պահի դրությամբ ունենք ավելի քան 120 վարակված հղիներ: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց վարակաբան-լյարդաբան Հասմիկ Ղազինյանը:
Նրա խոսքով, այսօր երկրում գրանցվել է կորոնավիրուսին 1637 նոր դեպք, ավելին, սահմանվել է նաեւ մահերի թվի ռեկորդ՝ վերջին 24 ժամվա ընթացքում 80 հոգի է մահացել:
Նոր դելտա շտամմի տարածմանը զուգահեռ նաեւ երեխաների մոտ կորոնավիրուսային վարակը սկսել է ընթանած ծանր կամ միջին ծանրության: Բազմաթիվ պացիենտների մոտ գրանցվում են արտահայտված թոքաբորբի դեպքեր:
Մասնագետի խոսքով, ինչքան երկար է վիրուսը շրջանառվում ազգաբնակչության մեջ, այդքան ավելի շատ է այն ենթարկվում փոփոխությունների, մուտացիաների: Այդ շրջանառությունը նվազեցնելուն նպաստում են մասսայական պատվաստումները, սակայն այսօրվա դրությամբ երկրի բնակչության շատ փոքր տոկոսն է պատվաստված, ինչը, մասնագետի խոսքով, լուրջ խնդիր է, եւ պետք է հասկանալ, թե որտեղ եւ ինչ բացթողման պատճառով է պատվաստվողների թիվն այսքան փոքր: