Ջոն Քերի. ԱՄՆ-ն մինչեւ 2030 թվականը կդադարի ածուխ այրել
ԱՄՆ-ն կդադարեցնի ածուխի այրումը մինչեւ 2030 թվականը: Այս մասին Bloomberg-ին տված հարցազրույցում ասել է կլիմայի հարցերով ԱՄՆ հատուկ բանագնաց Ջոն Քերին։
Անցյալ շաբաթ ԱՄՆ-ն չմիացավ ավելի քան 40 երկրների կողմից ստորագրված խոստմանը, որով երկները մինչեւ 2030-ական եւ 2040-ական թվականները աստիճանաբար կհրաժարվեն ածխային էլեկտրակայաններից: Բայդենի վարչակազմը նպատակ ունի ապակարբոնացնել էլեկտրաէներգիայի ոլորտը մինչեւ 2035 թվականը, սակայն այն չունի մինչեւ 2030 թվականն ածխի օգտագործման աստիճանական դադարեցման քաղաքականություն, ինչպես կարող էին ենթադրել Քերիի մեկնաբանությունները:
«Մինչև 2030 թվականը մենք ԱՄՆ-ում ածուխ չենք ունենա»,- Գլազգոյում կայացած համաժողովի ժամանակ ասել է Քերին Bloomberg-ի գլխավոր խմբագիր Ջոն Միքլթվեյթին: «Մենք ածխի գործարաններ չենք ունենա»,- հավելել է նա։
«Մենք ասում ենք, որ մինչեւ 2035 թվականը մենք առանց ածխի կլինենք էներգետիկայի ոլորտում։ Կարծում եմ՝ սա ցուցիչ է, թե ինչ կարող ենք անել»։
ԱՄՆ-ում ածխի, որպես էներգիայի գերիշխող աղբյուր, բարգավաճման ժամանակները վաղուց անցել են, բայց անցյալ տարի եւ նույնիսկ 2021 թվականին շարունակում էր ապահովել ԱՄՆ-ի էլեկտրաէներգիայի հինգերորդ մասը: