Ձեզ բացակա չենք դնի. Գեղարքունիքի մարզի Ծաղկաշեն գյուղում բացվեց 44-օրյա պատերազմում նահատակված, լեգենդ դարձած Գոռ Ներսիսյանին ու Վասակ Գասպարյանին նվիրված խաչքար-հուշարձան
Նոյեմբերի 9-ին, Գեղարքունիքի մարզի Ծաղկաշեն գյուղում՝ եկեղեցու հարևանությամբ, տեղի ունեցավ խաչքար-հուշարձանի բացման և օրհնության արարողություն։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, այն նվիրված էր արցախյան 44-օրյա պատերազմում նահատակված, լեգենդ դարձած ծաղկաշենցիներ Գոռ Ներսիյանին և Վասակ Գասպարյանին։ Մինչ Հայ առաքելական եկեղեցու Գեղարքունիքի մարզի առաջնորդական տեղապահ, Տեր Պարթև Վարդապետ Բարսեղյանի աջակցությամբ Գեղարքունյաց թեմի հոգևոր դասի կողմից խաչքարի օծումը, սպիտակ սավանը իջեցրեցին նահատակված հերոսների ծնողները, հաղորդում է Shamshyan.com-ը
Միջոցառմանը ներկա էին ոչ միայն ծաղկաշենիցներ, այլև Հայաստանի տարբեր մարզերից ու Երևանից ժամանած հյուրեր, զոհվածների հարազատները, ընկերները, այդ թվում՝ զինակից, արցախյան 3 պատերազմներին մասնակցած հերոսներ, դպրոցի ոսուցչական կոլեկտիվն ու աշակերտները։ Ելույթով հանդես եկավ Գեղարքունիքի մազպետի տեղակալ Ռուբիկ Նաղոյանը, իսկ Ծաղկաշենի համայնքապետարանի կողմից շնորհակալագրեր հանձնվեցին արցախյան 44-օրյա պատերազմին մասնակցած ծաղկաշենցիներին։ Խաչքաչ-հուշարձանի պատրաստման և տեղադրման գաղափարը համայնքի ղեկավարի պաշտոնակատար Սևակ Կարապետյանինն է, ում նախաձեռնությամբ ու անձնական միջոցներով էլ քանդակագործ Ստյոպա Գետչյանի շնորհիվ կյանքի կոչվեց այդ վեհ գաղափարը, ու հիմա ծաղկաշենցիները Սուրբ Աստվածածին եկեղեցու բակում տեղադրված խաչքարի վայրը համարում են սրբության սրբոց, մի նոր եռաբլուր, և ամեն անգամ այցելելով եկեղեցի՝ խնկարկելու և ծաղիկներ են խոնարհելու։
Լուսանկարները՝ Գագիկ Շամշյանի