Ֆրանսիացի օպերային երգիչ Դևիդ Սերերոն համերգով հանդես կգա Երևանում
ՏեսանյութերՖրանսիացի երգիչ, դերասան և պրոդյուսեր Դևիդ Սերերոն ելույթ կունենա Երևանում: Երգչի մենահամերգը տեղի կունենա նոյեմբերի 10-ին Vivaldi Hall-ում:
Սերերոն առաջին անգամ է Հայաստանում, բայց, ինչպես ինքն է նշում, այս այցը հաստատ վերջինը չի լինի: «Ես արդեն վայելում եմ Երևանը. այստեղ մնալու եմ 6 օր, բայց մի բանում վստահ եմ՝ մի օր էլի եմ գալու Հայաստան»,-ասում է երգիչը, որը հայ հանդիսատեսին կներկայացնի հայտնի օպերաներից ու մյուզիքլներից հատվածներ, ֆրանսիական շանսոն և կկատարի Շառլ Ազնավուրի ստեղծագործություններից:
«Ես Փարիզում մեծացել եմ հայերի շրջապատում: Առաջին մարդիկ, որոնք ինձ հնարավորություն են տվել ելույթ ունենալու որպես երգիչ, հայ են եղել: Համերգներիս հանդիսատեսի շրջանակում ևս գերակշռել են հայերը: Ես շատ շնորհակալ եմ ձեր ազգին՝ այդ մեծ աջակցության համար: Հայերը շատ բարեխիղճ ազգ են, միշտ հյուրընկալ և ընկերասեր: Շատ հայ ընկերներ ունեմ, բայց կցանկանայի ունենալ ավելին»,-ասում է Սերերոն:
Օպերային երգչին անչափ դուր է գալիս հայկական խոհանոցը, իսկ հայ կանայք արդեն հասցրել են հիացնել նրան: «Կարծում եմ՝ հայ կանայք աշարհում ամենագեղեցիկ հոնքերն ունեն»,-ասում է նա: Հայաստանում ելույթ ունենալը Սերերոն համարում է երազանքի իրականացում, իսկ սպասված հրավերն ստացել է իր լավ ընկերոջից՝ Արմանդո Ղուկասյանից:
«Նա իմ ընկերն է, որը շոու-բիզնեսում ամենաաշխատասեր մարդկանցից է: Միշտ կարևոր նախաձեռնություններ է իրականացնում: 2019-ին նրա հրավերով ես ելույթ եմ ունեցել Օդեսայում, և հենց այդ օրվանից նրան ասել եմ, որ մի օր անպայման ելույթ եմ ունենալու հայերի համար՝ գեղեցիկ Հայաստանում»,-շեշտում է արտիստն ու հավելում, որ կանգնած է հայ ժողովրդի կողքին, կիսում է հայերի ցավն ու ցանկանում ավելին անել նրանց համար: