ՌԴ ՊՆ-ն հաստատել է Շուշիի մերձակայքում քաղաքացիական անձի սպանության փաստը
ՌԴ ՊՆ-ն հայտնում է, որ ռուսական խաղաղապահ զորախմբի պատասխանատվության գոտում արձանագրվել է հրադադարի ռեժիմի մեկ խախտում։
Ըստ ՌԴ ՊՆ-ի տեղեկագրի՝ նոյեմբերի 8-ին՝ Մոսկվայի ժամանակով ժամը 13.40-ին, ադրբեջանական կողմից Շուշիի շրջանում կրակ է բացվել բանվորների չորս հոգանոց խմբի վրա, որի հետևանքով երեք մարդ վիրավորվել է, իսկ մեկը՝ սպանվել:
«Ռուսական խաղաղապահ զորախմբի հրամանատարությունը ադրբեջանական և հայկական կողմերի հետ համատեղ միջադեպի հետաքննություն է վարում»,- ասված է ՌԴ ՊՆ-ի տեղեկագրում:
Հիշեցնենք, որ 2021թ. նոյեմբերի 8-ին՝ ժամը 15-ի սահմաններում, Ադրբեջանի Հանրապետության զինված ուժերի` գործով դեռևս չպարզված զինծառայողը Ադրբեջանի Հանրապետության զինված ուժերի վերահսկողության տակ անցած տարածքից անցնելով ԱՀ Շուշի-Բերձոր ավտոճանապարհի «Շուշիի տակ» կոչվող տեղանք, Արցախի Հանրապետության բնակչությանն ահաբեկելու, նրանց մոտ վախի ու սարսափի մթնոլորտ ձևավորելու ձգտումով, ազգային, կրոնական ատելության շարժառիթով, ապօրինաբար երկու և ավելի անձանց կյանքից զրկելու ուղղակի դիտավորությամբ, իր մոտ պահվող հրազենով կրակոցներ է արձակել ջրատար խողովակի վերանորոգում իրականացնող անձանց ուղղությամբ, ինչի հետևանքով Ստեփանակերտ քաղաքի 1998թ ծնված բնակիչ Մարտիկ Երեմյանը գլխի շրջանում ստանալով հրազենային-գնդակային վիրավորում՝ տեղում մահացել է, իսկ Գևորգ Մելքումյանը, Գագիկ Ղազարյանը և Արմեն Սարգսյանը ստացել են հրազենային վիրավորումներ։