Թուրքիայի պաշտպանության նախարարը խաղում է բառերի հետ. Զանգեզուրի միջանցքի բացումը սպառնալիքներ չի կրում
Թուրքիայի պաշտպանության նախարար Հուլուսի Աքարը դարձյալ անդրադարձել է բաղձալի «Զանգեզուրի միջանցքի» թեմային։
Ադրբեջան կատարած այցի արդյունքների վերաբերյալ լրագրողների հետ զրուցելիս թուրք նախարարը նշել է, որ «Զանգեզուրի միջանցքի բացումը սպառնալիքներ չի կրում որեւէ կողմի համար»։
Նրա խոսքով՝ երկու ժողովուրդները պետք է երկխոսություն վարեն այս հարցի վերաբերյալ։ «Պետք է աջակցել այդ գործընթացին, այլ ոչ թե կանխել այն։ Համագործակցությունը կհանգեցնի բարեկեցության աճի, եւ այդ գործընթացը չի սահմանափակվում Ադրբեջանով։ Դրական ներգործությունը կզգան տարածաշրջանի բոլոր երկրները»,- ընդգծել է նա։ Աքարը նաեւ նշել է, որ Երեւանը պետք է օգտվի պատմական շանսից եւ պատասխանի Անկարայի եւ Բաքվի կողմից հնչող խաղաղության հորդորներին։ Նա կարծում է, որ տարածաշրջանային զարգացման մեջ լավագույն ավանդը կդառնար հենց տարածաշրջանի երկրների, այն է՝ Ադրբեջանի, Հայաստանի, Թուրքիայի, Վրաստանի, Իրանի եւ Ռուսաստանի սերտ փոխգործակցությունը։
Մինչդեռ, Հայաստանը բազմիցս հայտարարել է, որ սատարում է տարածաշրջանում ճանապարհների ապաշրջափակմանը, բայց ոչ «միջանցքների» տրամաբանությամբ։ Ռուսական կողմը նույնպես հայտարարել է, որ հաղորդակցությունների վերահսկողությունը պետք է իրականացնեն այն երկրները, որոնց տարածքով դրանք անցնում են։ Բայց Բաքուն եւ Անկարան պնդում են «Զանգեզուրի միջանցքի» մասին՝ հատուկ իմաստ դնելով այդ բառակապակցության մեջ։