Թուրքիայի պաշտպանության նախարարը համառորեն չի տեսնում Ադրբեջանի սադրանքները
Թուրքիայի պաշտպանության նախարար Հուլուսի Աքարը գոհ է ռուս-թուրքական մոնիթորինգային կենտրոնի աշխատանքից եւ համառորեն չի տեսնում Ադրբեջանի սադրանքները։
Բաքվում Ադրբեջանի պաշտպանության նախարար, գեներալ-գնդապետ Զաքիր Հասանովի հետ համատեղ մամուլի ասուլիսում Աքարը հայտարարել է, որ ռուս-թուրքական համատեղ մոնիթորինգային կենտրոնի գործունեության լիազորությունները եւ սահմանները հայտնի են։
«Գործադրվում են բոլոր ջանքերը կենտրոնի գործունեությունն ուժեղացնելու համար սահմանված շրջանակներում։ Մեր նպատակն է հրադադարի ռեժիմի պահպանումը եւ դրա կողքին՝ տարածաշրջանի կայունացումը։ Այս հարցում մենք դրսեւորել եւ շարունակում ենք դրսեւորել լրջություն, անկեղծություն, բարեկամություն։ Չարաշահման ոչ մի դեպք չկա»,- ասել է Աքարը։
Հիշեցնենք, որ նախօրեին Ադրբեջանի ԶՈւ-ն սադրանք էր իրականացրել Շուշիի ուղղությամբ։ ԱՀ ԶՈւ անհայտ զինծառայողը թափանցել էր Արցախին ենթակա տարածք եւ գնդակահարել ջրատարը նորոգող մի խումբ աշխատողների։ Մի մարդ զոհվել է, երեքը վիրավոր են։ Փաստորեն, նման վարքագծով ադրբեջանական կողմը ոչ միայն փորձում է վարկաբեկել ռուս խաղաղապահներին Լեռնային Ղարաբաղում, այլեւ կասկածի տակ է դնում մոնիթորինգային կենտրոնի արդյունավետությունը։