Էրդողանը ցանկանում է Սիրիայում նոր ռազմական գործողություններ սկսել՝ ընտրություններից առաջ հանրային աջակցությունը մեծացնելու համար. Թուրքիայի նախկին ԱԳ նախարար
Թուրքիայի կառավարությունը, ընտրություններից առաջ հանրային աջակցության անկման ֆոնին, դիտարկում է Սիրիայում նոր ռազմական գործողությունների անցկացումը, հայտարարել է Թուրքիայի նախկին արտգործնախարար Յաշար Յաքըշը։
Ռազմական ներխուժումները, որքան էլ սխալ ուղղորդված լինեն, նպատակ կունենան նախքան 2023 թվականին նախատեսված ընտրությունները խթանել կառավարության աջակցությունն առավել ազգայնական ընտրողների շրջանում, Arab News-ի սյունակում գրել է Յաքըշը:
«Կառավարությունները երբեմն ընդունում են որոշումներ, որոնք կարող են նպաստել նրանց քաղաքական գոյատևմանը, բայց հակասում են իրենց ժողովրդի ազգային շահերին», - ասել է նախկին ԱԳ նախարարը:
Թուրքիան 2016 թվականից ի վեր երեք անդրսահմանային գործողություն է իրականացրել պատերազմից տուժած Սիրիայում: Թուրքիան և իր կողմից աջակցվող սիրիական խմբավորումները վերահսկում են երկու երկրների ընդհանուր սահմանի մոտ երեք տարբեր տարածքներ՝ հյուսիսարևմտյան Աֆրին, Իդլիբ և Ռաս ալ Այն:
Թուրքիայի խորհրդարանը հոկտեմբերի 26-ին ընդունել է Իրաքում և Սիրիայում անդրսահմանային գործողություններ իրականացնող զինվորականների մանդատը ևս երկու տարով երկարաձգելու միջնորդություն։
Թուրքիան այժմ դիտարկում է Սիրիայում ևս երեք տարածք՝ Մանբիջը և Թել Ռիֆաթը Հալեպի նահանգում և ավելի շատ տարածքներ Եփրատից արևելք, ասել է Յաքըշը:
Թեև կառավարությունը պատրաստվում է հնարավոր ռազմական գործողությունների, կան նաև հիմքեր ենթադրելու, որ գործողությունները կարող են մոտալուտ չլինել, մասնավորապես՝ հաշվի առնելով Թուրքիայի լարված հարաբերությունները Միացյալ Նահանգների հետ և սիրիական կառավարության վերաբերմունքը, ասել է Յաքըշը։
Յաքըշը զբաղեցրել է Թուրքիայի արտաքին գործերի նախարարը 2002-2003 թվականներին։ Նա Էրդողանի իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության հիմնադիր անդամ է։