Թուրքիայում հայտնաբերվել են Աֆրոդիտեի և Դիոնիսի արձանների գլուխները
Թուրքիայում գտնվող Այզանոյ անտիկ քաղաքում պեղումների ժամանակ հայտնաբերվել են Աֆրոդիտեի և Դիոնիս աստվածների արձանների գլուխները։
Այզանոյ քաղաքը հիմնադրվել է բրոնզե դարում։ Հելլենիստական դարաշրջանում համարվել է քաղաքական ու տնտեսական կենտրոն։ Մ․թ․ա 133 թվականին քաղաքը դարձել է հռոմեական Ֆրիգիյա Պակատիանա պրովինցիայի մաս։
Մինչ մեր օրերը Այզանոյում պահպանվել են Զևսի տաճարը, ամֆիթատրոնը և շուկայի ավերակները։
Ավելի վաղ պեղումների ընթացքում Այզանոյում հայտնաբերվել է հին հունական դիցաբանության մեջ առողջության աստվածուհի Հիգեայի արձանը։
Ըստ հնագետների՝ այս գտածոները փաստում են, որ տարածաշրջանում գործել է քանդակագործության բարձրակարգ արվեստանոց։ Ինչպես նաև այս ամենը վկայում է, որ նույնիսկ հռոմեական դարաշրջանում Այզանոյի բնակիչները շարունակում էին երկրպագել հունական աստվածներին։