ԱՄՆ-ում ոստիկանները տղամարդուն էլեկտրաշոկերով «այրել են»
Ամերիկյան Նյու Յորք նահանգի Քեթսքիլ քաղաքում տղամարդը բռնկվել է ոստիկանական բաժանմունքում այն բանից հետո, երբ իրավապահները նրա դեմ էլեկտրաշոկեր են կիրառել, հայտնում է Gazeta Ru-ն՝ վկայակոչելով NBC News-ին։
Պարբերականի տեղեկություններով՝ տղամարդը մտել է ոստիկանական բաժանմունք եւ ծեծկռտուք սկսել իրավապահների հետ։ Մինչ այդ նա իր վրա ախտահանիչ հեղուկ է լցրել։ Աղմկարարին հանդարտեցնելու համար ոստիկանները էլեկտրաշոկեր են կիրառել, որից հետո տղամարդը բռնկվել է։
Տուժածին այրվածքներով տեղափոխել են Վեսթչեսթերի բժշկական կենտրոն, նրա վիճակը գնահատվում է ծանր։
Հստակեցվում է, որ տղամարդն արդեն ծանոթ է եղել էլեկտրաշոկերն օգտագործող ոստիկանի հետ։ Ոստիկանության պետ Դեյվ Դարլինգը պատմել է, որ շենքում, որտեղ տեղի է ունեցել միջադեպը, տեսախցիկներ են տեղադրված, եւ տուժածի ընտանիքի փաստաբանն արդեն խնդրել է պահել տեսագրությունները։ Տեղի ունեցածի մանրամասները պարզվում են։