Նիհարելու համար 3 լավագույն աշնանային մթերքները
ԱՄՆ սննդաբանները նշել են աշնանային երեք լավագույն մթերքները, որոնք կարող են օգնել արագ նիհարել։ Դրանք են դդումը, խնձորը և բրյուսելյան կաղամբը, փոխանցում է Лента պարբերականը՝ հղում անելով Eat This, Not That! հարթակին։
Նախևառաջ, մասնագետներն առաջարկում են աշնանը բոլոր սեզոնային սննդամթերքներից ուշադրություն դարձնել դդմի վրա։
«Դդումը կարող է շատ օգտակար լինել քաշի կորստի համար, քանի որ այն գրեթե 90 տոկոսով բաղկացած է ջրից, բայց այն նաև պարունակում է օգտակար վիտամիններ և հանքանյութեր», – ասում է սննդաբան Մաքքենզի Բերջեսը:
Բժիշկ Ջինան Բաննան հիշեցրել է, որ դդումը ոչ միայն հարուստ է օգտակար նյութերով, այլև հարուստ է բջջանյութով, ինչն օգնում է մեղմել քաղցի զգացումն օրվա ընթացքում։
Սննդաբան Քեյթ Ուիլսոն Մակհոուենը խորհուրդ է տալիս դեն չնետել դդմի սերմերը, որոնք հարուստ են ոչ միայն բջջանյութով, այլև սպիտակուցներով և չհագեցած ճարպաթթուներով, որոնք նպաստում են քաշի կորստին։ Բացի այդ, դրանք պարունակում են մագնեզիում և ցինկ, որոնք ամրացնում են իմունային համակարգը: Մասնագետը խորհուրդ է տալիս աղցաններին ավելացնել բոված դդումի սերմեր կամ պարզապես դրանք ուտել՝ որպես առողջ նախուտեստ:
Խնձորը սննդաբանները համարում են աշնանային ևս մեկ մթերք, որը կարող է օգտակար լինել նիհարելու համար։ Ջինան Բաննան հիշեցնում է, որ մեկ մեծ խնձորը կարող է պարունակել ավելի քան հինգ գրամ բջջանյութ, ինչը մարդուն անհրաժեշտ օրական նորմի 19 տոկոսն է: Բացի այդ, խնձորը դրական է ազդում սրտի, շնչառական համակարգի և գլխուղեղի աշխատանքի վրա։
Մեկ այլ մթերք, որը կարող է օգնել պայքարել ճարպակալման դեմ, սննդաբան Լիզա Յանգը համարում է բրյուսելյան կաղամբը։
«Այս բանջարեղենը իդեալական է նրանց համար, ովքեր փորձում են նիհարել։ Այն հարուստ է բջջանյութով, ունի ցածր կալորիականություն, լավ համադրվում է հավի կամ ձկան հետ»,- նշել է մասնագետը։
Բժիշկ Ջեն Էրնանդեսը խորհուրդ է տալիս բրյուսելյան կաղամբը չշոգեխաշել, ինչպես շատ այլ դիետիկ մթերքներ, այլ ջեռոցում եփել կամ տապակել աերոգրիլի վրա:
«Թեթև տապակած կաղամբը կարող է հիանալի փոխարինել շատ ավելի բարձր կալորիականությամբ կարտոֆիլին», – ասել է սննդաբանը։