Մեկ ժամից ավելի սպասում էինք, որ «նորին գերազանցություն» ադրբեջանցիներն անցնեն, և կարողանանք մուտք գործել Արցախ. Մետաքսե Հակոբյան
Ընդամենը քիչ առաջ կարողացանք մուտք գործել Արցախ։ Մինչ այդ մեկ ժամի չափ սպասել ենք, քանի որ ադրբեջանցիների հերթափոխի պատճառով ճանապարհը փակ էր, Aysor.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Արցախի ԱԺ «Արդարություն» խմբակցության պատգամավոր Մետաքսե Հակոբյանը, ով քիչ առաջ նաև մուտքի անհնարինությունը փաստող լուսանկարներ էր տեղադրել ֆեյսբուքի իր էջում։
«Շաբաթ օրերն ադրբեջանցիները փոխում են իրար, և ճանապարհը դժվարանցանելի է դառնում։ Մենք ստիպված սպասում ենք՝ մինչև իրենք անցնեն և կարողանանք մտնել Արցախ։ Եթե նկարագրելու լինեմ վայրը, ապա հենց կոնկրետ Արցախ մտնելու կետն է, որով Հայաստանը կապվում է Արցախին։ Դա, այսպես ասած, Զաբուխի «պոստն» է, որտեղ էլ մեկ ժամից ավելի կանգնել էինք։ Հակառակ կողմից ևս մարդիկ կանգնել էին, որ սպասենք՝ «նորին գերազանցություն» ադրբեջանցիներն անցնեն», - ասաց արցախցի պատգամավորը։
Նա հիշեցրեց, որ նշված կետում հերթապահություն են իրականացնում բացառապես ռուս սահմանապահները։
«Սակայն յուրաքանչյուր շաբաթ օր ադրբեջանցիները Բերձորով անցնում են, Ծաղկահովտով գնում, Քաշաթաղի շրջանով անցնում։ Փաստորեն, երբեք չի լինում այնպես, որ իրենք սպասեն, մենք անցնենք, հակառակը, մենք ենք սպասում՝ իրենք անցնեն», - ասաց Մետաքսե Հակոբյանը։