Ադրբեջանի ԱԳ նախարարը հանդիպել է ԱՄՆ Պետդեպարտամենտի ներկայացուցչի հետ
Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովը շաբաթ օրը հանդիպել է ԱՄՆ պետքարտուղարի Կովկասի, տարածաշրջանային հակամարտությունների եւ Հարավային Եվրոպայի հարցերով օգնականի տեղակալ Էրիկա Օլսոնի հետ, հայտնում է «Sputnik Ադրբեջանը»՝ հղում անելով հանրապետության ԱԳՆ-ին։
Բայրամովը նշել է, որ «տարածաշրջանային շրջագայության շրջանակներում ԱՄՆ պետքարտուղարի օգնականի այցը Ադրբեջան կարեւոր է ադրբեջանա-ամերիկյան երկկողմ հարաբերությունների զարգացման հեռանկարների քննարկման, ինչպես նաեւ տարածաշրջանում տիրող իրավիճակին ծանոթանալու տեսանկյունից»:
Կողմերը մտքեր են փոխանակել հետհակամարտային փուլում տարածաշրջանում տիրող իրավիճակի շուրջ։
«Բայրամովը Օլսոնին տեղեկացրել է եռակողմ հայտարարությունների իրականացման հետ կապված Ադրբեջանի ձեռնարկած քայլերի մասին»,- ասվում է հաղորդագրության մեջ։
Նշվում է, որ Էրիկա Օլսոնն Ադրբեջան այցից առաջ եղել է Հայաստանում եւ Վրաստանում։