ԱՄՆ Կոնգրեսը հաստատել է ենթակառուցվածքի զարգացման ավելի քան 1 տրլն դոլարի պլանը
ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատը ուրբաթ հաստատել է ենթակառուցվածքի զարգացման ավելի քան 1 տրլն դոլարի պլանը։ Քվեարկությունը հեռարձակվում էր օրենսդիր մարմնի ստորին պալատի կայքում, տեղեկացնում է ՏԱՍՍ-ը։
Նախաձեռնությունը օգոստոսին հավանության էր արժանացել Կոնգրեսի Սենատում, այժմ այն ուղարկվում է ԱՄՆ նախագահ Ջո Բայդենին, որը, ինչպես ավելի վաղ տեղեկացրել էին Սպիտակ տանը, այն կստորագրի առաջիկայում։
Սպիտակ տան եւ սենատորների երկկուսակցական խմբի հետ համաձայնեցված պլանը ենթադրում է, մասնավորապես, դաշնային միջոցների հատկացում 550 մլրդ դոլար ծավալով՝ ենթակառուցվածքի զարգացման համար հինգ տարվա ընթացքում։
Քվեարկությունից առաջ ԱՄՆ նախագահը կոնգրեսականներին կոչ էր արել հաստատել պլանը։ Սպիտակ տան տվյալներով՝ Բայդենը մինչեւ ուշ երեկո հեռախոսով շփվել է կոնգրեսականների հետ՝ քննարկելով նախաձեռնության հաստատման կարեւորությունը։ Ստորին պալատում Դեմոկրատական կուսակցության առաջադեմ թեւի ներկայացուցիչները մինչեւ վերջին պահը չէին ցանկանում աջակցել օրինագծին, բայց նախագահի մասնակցությամբ երկարատեւ խորհրդակցություններից հետո նրանք համաձայնեցին հաստատել այն։
Ուրբաթ հավանության արժանացած պլանի ընդհանուր ծավալը կազմում է 1,2 տրլն դոլար։ Մասնավորապես, նախագիծը նախատեսում է 110 մլրդ դոլարի հատկացում կամուրջների եւ ճանապարհների կառուցման, 11 մլրդ տրանսպորտային անվտանգության ծրագրերի համար։ Եվս 39 մլրդ դոլար նախատեսվում է ծախսել հանրային տրանսպորտի արդիականացման, 42 մլրդ՝ նավահանգիստների եւ օդանավակայանների ենթակառուցվածքի զարգացման համար։ 55 մլրդ կհատկացվի խմելու ջրի համակարգին, բնակչությանը գերարագ ինտերնետով ապահովման համար ծրագրով նախատեսված է 65 մլրդ։ 73 մլրդ նախատեսվում է ներդնել էկոլոգիապես մաքուր էներգիայի արտադրմանը։