Մերիլին Մոնրոյի հոլիվուդյան պենթհաուսը վաճառքի են հանել 2,49 միլիոն դոլարով
Արեւմտյան Հոլիվուդում գտնվող երկհարկանի շքեղ պենթհաուսը, որում 1954թ․-ին ապրել է Մերիլին Մոնրոն, վաճառքի է հանվել 2,49 միլիոն դոլարով։
Բնակարանը գտնվում է «Granville Towers»-ի վերնահարկում։ Այն երկու ննջասենյակ ունի, երկու լոգասենյակ, հյուրասենյակ, խոհանոց, ճաշասենյակ, հագուստի համար նախատեսված սենյակ։ Բնակարանի հետ նաեւ երկու կայանատեղի է հատկացված։
«Granville Towers»-ի բոլոր բնակիչները հասանելիություն ունեն լողավազանին, սպա ծառայություններին, այգուն։ Այնտեղ շուրջօրյա աշխատում է դռնապանը, հայտնում է Daily Mail-ը։
Սա Մերիլին Մոնրոյի յոթերորդ եւ վերջին բնակարանն էր, մինչ նա Բրենթվուդում տուն գնեց, որտեղ էլ մահացավ 36 տարեկանում։