ԱՄՆ վարչակազմը պրոֆիլային խորհրդի նիստում կնշի առաջնահերթությունները տիեզերքում
ԱՄՆ վարչակազմը հաջորդ ամիս նախատեսվող պրոֆիլային խորհրդի նիստում կնշի տիեզերքում աշխատանքի հիմնական ուղղությունները, այդ թվում ռազմական ոլորտում։ Այս մասին ուրբաթ հայտարարել է ԱՄՆ փոխնախագահ Քամալա Հարիսը՝ ելույթ ունենալով ՆԱՍԱ-ի Գոդարդի անվան տիեզերական թռիչքների կենտրոնում (Գրինբելթ, Մերիլենդի նահանգ), տեղեկացրել է ՏԱՍՍ-ը։
Հարիսը փաստել է, որ տիեզերքի միջգերատեսչական Ազգային խորհրդի հանդիպումը, որի նախագահը Հարիսն է, նախատեսված է դեկտեմբերի 1-ին։ «Այդ նիստի ժամանակ մենք նշելու ենք տիեզերքում երկրի համար առաջնահերթ համապարփակ պլանի մասին»,- ասել է ԱՄՆ փոխնախագահը։ Նրա խոսքով՝ միջոցառմանը մասնակցելու են գործող վարչակազմի ղեկավար աշխատակիցները։
Ինչպես պարզաբանել է Հարիսը, նիստում խոսվելու է քաղաքացիական ծրագրերի եւ «ռազմական եւ ազգային անվտանգության ոլորտում» ձեռնարկվելիք միջոցների մասին։ Նրա խոսքով՝ քննարկումների թեմաներից է լինելու նաեւ «զարգացող տիեզերական տնտեսությունը»։ «Ինչ վերաբերում է մեր գործողություններին տիեզերքում, պոտենցիալն անսահմանափակ է»,- նշել է ԱՄՆ փոխնախագահը։
Տիեզերքի Ազգային խորհուրդը մասնակցում է ԱՄՆ վարչակազմի ռազմավարության մշակմանը։ Այս մարմինը ԱՄՆ-ում գոյություն է ունեցել 1989-1993թթ.։ 2017թ. հունիսին նրա աշխատանքը կարգադրել է վերսկսել ԱՄՆ նախորդ նախագահ Դոնալդ Թրամփը։