Բաչկովը, Դավթյանն ու Ամոյանն արժանացել են սպորտի վաստակավոր վարպետի կոչման
ԿԳՄՍ-ի նախարար Վահրամ Դումանյանն ու նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանը կոչումներ են շնորհել մարզաշխարհի մի շարք ներկայացուցիչների:
Դումանյանն ընդգծել է, որ դա նրանց կատարած ազգանվեր աշխատանքի շատ համեստ գնահատականն է:
«Մենք հանձնեցինք այն, ինչը դուք վաստակել եք ձեր ամենօրյա քրտնաջան նվիրումի շնորհիվ: Սպորտն ամբողջ աշխարհում ամենաարդյունավետ ու ամենատարածված միջոցն է երկիրը ներկայացնելու առումով: Շնորհակալ ենք ձեզ: Մեզնից կախված ամեն ինչ կանենք, որպեսզի ձեզ համար ավելի հարմարավետ եւ հաճելի լինի կատարել այն աշխատանքը, որը դուք առանց այդ էլ անում եք: Սա շատ համեստ գնահատականն է ձեր կատարած շատ կարեւոր ու ազգանվեր աշխատանքին»,-նշել է նախարարը:
Կոչումներ ստացած մարզիկների թվում են Տոկիոյի Օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր Արթուր Դավթյանն ու Աշխարհի չեմպիոն Մալխաս Ամոյանը: Նրանք արժանացել են Հայաստանի սպորտի վաստակավոր վարպետի կոչման:
Այդ կոչմանն է արժանացել նաեւ Օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր Հովհաննես Բաչկովը, որը երեկ Աշխարհի առաջնությունում եւս գրավել է 3-րդ տեղը: