Արթիկ քաղաքում ավարտվել են Ղուկասյան փողոցի հիմնանորոգման աշխատանքները
Արթիկի Ղուկասյան փողոցը համայնքի, թերևս, ամենահին ու կոլորիտային փողոցներից է: Սակայն հիմնադրման օրվանից մինչ օրս, շուրջ 80 տարի, Ղուկասյանի բնակիչները սպասել են իրենց փողոցի բարեկարգմանը: Համայնքների 2021 թվականի տնտեսական և սոցիալական ենթակառուցվածքների զարգացմանն ուղղված սուբվենցիոն ծրագրերի հայտում Արթիկի համայնքապետարանը, ի թիվս մյուս 5 սուբվենցիոն ծրագրերի, ընդգրկել էր նաև Ղուկասյան փողոցի բարեկարգման ծրագիրը: Տեղեկացնում է Արթիկի համայնքապետարանը
Պետություն-համայնք համագործակցության արդյունքում ավարտվել են 560 մ երկարությամբ և 5 մ լայնությամբ Ղուկասյան փողոցի տուֆ քարով սալիկապատման աշխատանքները։ Նեղլիկ, որոշ հատվածներում տեղանքով պայմանավորված թեք, իսկ ձմռան ամիսներին՝ դժվարանցանելի փողոցի նորոգման համար անհրաժեշտ գումարի 65 տոկոսը տրամադրել է պետությունը, 35 տոկոսը՝ համայնքը։
Արդյունքում բարելավվել է մոտ 3000 քառակուսի մետր մակերեսով ճանապարհը։ Բացի դրանից , սալիկապատվել է նաև Ղուկասյան և Սպանդարյան փողոցները միացնող 40 մ երկարությամբ ճանապարհահատվածը: Ծրագրի ընդհանուր արժեքը 41 մլն 150 հազար դրամ է։ Շինարարական աշխատանքներն իրականացրել է «Ճանշին» ՓԲԸ-ն։