ԱՄՆ-ը և Չինաստանը գագաթնաժողովից հետո կարող են մեղմել վիզային սահմանափակումները
ԱՄՆ-ը և Չինաստանը մինչև տարեվերջ ծրագրվող գագաթնաժողովի արդյունքներով կարող են հայտարարել երկու երկրների հյուպատոսությունների աշխատանքի վերսկսման և վիզային սահմանափակումների մեղմացման մասին: Այս մասին գրել է Politico պարբերականը՝ վկայակոչելով ամերիկյան վարչակազմի իր աղբյուրները:
Նշվում է, որ երկկողմ հարաբերություններում մի քանի ամիս լարվածությունից հետո Վաշինգտոնը և Պեկինը երկու երկրների ղեկավարների՝ Ջո Բայդենի և Սի Ծինպինի առցանց գագաթնաժողովը դիտարկում են որպես երկկողմ հարաբերությունների վերագործարկման հնարավորություն:
Ըստ պարբերականի՝ երկու կողմերն էլ ակնկալում են, որ առաջիկա գագաթնաժողովը կհանգեցնի լարվածության թուլացման, սակայն սուր հարցերի շուրջ էական առաջընթաց չի արձանագրվի: