Թուրքիան հերքել է Ս-400-երն Ինջիրլիք ավիաբազա տեղափոխելու մասին տեղեկությունը
Թուրքիայի պաշտպանության նախարարությունը հերքել է Ս-400-երն Ինջիրլիք ավիաբազա տեղափոխելու մասին տեղեկությունը, հաղորդում է Anadolu-ն:
Ռուսաստանը եւ Թուրքիան 2017 թվականին ստորագրել են Ս-400 զենիթահրթիռային համակարգերի գնդային լրակազմի մատակարարման մասին պայմանագիրը, մատակարարումներն սկսվել են 2019 թվականի ամռանը։ Ավելի վաղ մի շարք տեղական ԶԼՄ-ներ հայտնել են համալիրը Ինջիրլիք տեղափոխելու հավանականության մասին։
«Այդ հայտարարությունները բացարձակ չեն համապատասխանում իրականությանը»,-գործակալությունը մեջբերում է աղբյուրի խոսքը։
Թուրքիայի հարավային Ադանա նահանգում գտնվող Ինջիրլիք ավիաբազան օգտագործվում է ԱՄՆ ռազմաօդային ուժերի կողմից։ Թուրքիայի կողմից ռուսական Ս-400-երի գնման հարցում ԱՄՆ-ի հետ տարաձայնությունների հետ կապված Թուրքիայի նախագահ Թայիփ Էրդողանը ավելի վաղ հայտարարել է, որ Անկարան կարող է փակել Ինջիրլիք եւ Քյուրեջիք բազաները ամերիկյան ռազմակայանների համար՝ ի պատասխան ԱՄՆ պատժամիջոցների։