ԱՄՆ-ն իսրայելական Pegasus լրտեսող ծրագիրը ներառել է սահմանափակ հասանելիությամբ ընկերությունների ցուցակում
ԱՄՆ կառավարությունը իսրայելական Pegasus լրտեսող ծրագրեր արտադրողին ներառել է սահմանափակ հասանելիությամբ ընկերությունների ցուցակում այն բանից հետո, երբ պարզվել է, որ ընկերությունը մատակարարել է ծրագրակազմ, որն օգտագործվում է պաշտոնյաներին եւ լրագրողներին հետապնդելու համար, հայտնել է AFP-ն։
NSO ընկերությունը հայտնվել է սկանդալի կենտրոնում՝ կապված այն լուրերի հետ, որ տասնյակ հազարավոր իրավապաշտպաններ, լրագրողներ, քաղաքական գործիչներ եւ գործարարներ ամբողջ աշխարհում դարձել են Pegasus ծրագրային ապահովման հնարավոր թիրախները:
Pegasus-ով վարակված սմարթֆոնները հիմնականում վերածվում են լրտեսական սարքերի, որոնք թույլ են տալիս կարդալ թիրախի հաղորդագրությունները, դիտել լուսանկարները, հետեւել գտնվելու վայրը եւ նույնիսկ միացնել տեսախցիկը առանց նրա իմացության:
«Այս գործիքները նաեւ թույլ են տվել օտարերկրյա կառավարություններին իրականացնել անդրազգային ռեպրեսիաներ, ինչը ավտորիտար կառավարությունների պրակտիկա է՝ այլախոհությունը լռեցնելու նպատակով թիրախավորել այլախոհներին, լրագրողներին եւ ակտիվիստներին», - ասվում է ԱՄՆ Առեւտրի նախարարության հայտարարության մեջ:
Վաշինգտոնը թիրախավորել է նաեւ իսրայելական Candiru ընկերությունը, Սինգապուրում տեղակայված Computer Security Initiative Consultancy PTE-ն (COSEINC) եւ ռուսական Positive Technologies ձեռնարկությունը:
Ընկերությունները այսպես կոչված «իրավաբանական անձանց ցուցակում» ներառելը նշանակում է, որ ամերիկյան կազմակերպություններից դեպի այդ ընկերություններ արտահանումը սահմանափակ է։